Կնստենք վարչապետի դռանը մինչեւ մեր հարցը կլուծվի. սեւազգեստ մայրերը կառավարության մոտ են /տեսանյութ/
Կառավարության մոտ այս պահին բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը՝ «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարվա հունվարից մինչեւ օրս 5 դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են մնացել:
«Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք, մենք գումարի ձեւն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որեւէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող «Սասնա ծռեր»-ի գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան: Վարչապետը հայտարարել է, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում ենք՝ պարոն վարչապետ, բարի եղեք լուծեք այս մայրերի խնդիրը»:
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքի մոտ հանդիպեց որդեկորույս մայրերի հետ եւ ժամանակ խնդրեց: Տիկին Մարգարիտայի խոսքով՝ դրանից հետո բազմիցս զանգահարել է վարչապետի խոսնակին, սակայն պատասխան չի ստացել: Այսօր էլ, ինչպես նախորդ անգամ, մայրերը սպառնում են նստել «վարչապետի դռանը մինչեւ որ իրենց հարցին լուծում կտրվի»:
Քիչ անց սեւազգեստ մայրերին կառավարությունից տեղեկացրեցին, որ վարչապետն այսօր չի կարող ընդունել նրանց՝ խոստանալով հաջորդ շաբաթ լսել նրանց:
https://www.youtube.com/watch?v=z0aQ5hxtupA
Մանրամասները՝ տեսանյութերում: