Ոստիկանության արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը, որտեղ ներկայացրել էինք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում երեկ տիրող իրավիճակը` հերթերն ու կուտակումները: Հրապարակման մեջ ներկայացրել էինք նաեւ քաղաքացիների դժգոհությունը այն առիթով, որ տերմինալը, որով քաղաքացիները վճարում են օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար, չի աշխատել:
Ինչպես Henaran.am-ին պատմել էին քաղաքացիները, տերմինալն սպասարկող համապատասխան աշխատակիցը “ինատ է արել” ու այն երեկ /հուլիսի 19-ին,-խմբ/ “անջատել է”, այն բանից հետո, երբ քաղաքացիները սկսել են դժգոհել իրենց վճարումների մի քանի հարյուր դրամ մանրը չստանալու համար:
Ոստիկանությունը, մասնավորապես, հերքել է հրապարակման նշված հատվածը: Ներկայացնում ենք հերքման տեքստն ամբողջությամբ.
“www.henaran.am կայքում հրապարակված ‘Օվիրի աշխատողն ‘ինատ է արել” տերմինալն անջատել է …անձնագրային ճգնաժամը վերջ չունի’ հոդվածի վերաբերյալ
Համացանցային կայքում հրապարակված տեղեկության համաձայն, Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցը միտումնավոր անջատել է էլեկտրոնային վճարման սարքավորումը, ինչն առաջացրել է արհեստական հերթեր և առաջ բերել քաղաքացիների դժգոհությունը:
Համացանցում տարածած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: ‘Տանդեմ Փեյմինթս՚’ ՍՊԸ կողմից 20.07.2012թ. ներկայացված տեղեկանքի համաձայն, 2012թ-ի հուլիս 19-ին, առավոտյան ժամը 09.00-ից մինչև 18.00-ն, Անձնագրային և վիզաների վարչությունում տեղադրված էլեկտրոնային վճարման համակարգում ընդունվել է 396 վճարման գործողություն:
2012թ. հուլիս 20-ին, առաջացած տեխնիկական խնդիրների պատճառներով, առավոտյան ժամը 09.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածը, ‘Տանդեմ Փեսմինթս՚’ ընկերությունն իր ամբողջ ցանցով հնարավորություն չի ունեցել ընդունել համապատասխան վճարումներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ’: