ՀՀ ղեկավարները շնորհավորել են ՌԴ նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ուղերձում ասվում է.
«Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական եւ այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության եւ տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում:
Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի եւ ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի:
Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեր շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում:
Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Մեր երկկողմ հանդիպումը Երևանում և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերություններին:
Շնորհակալ եմ պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առավել ամրապնդել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, բարօրություն և երջանկություն»: