Ինչո՞ւ են Փաշինյանի համար վարձակալել ուկրաինացի գործչի թանկարժեք ինքնաթիռը. 168 Ժամ
Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։
Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, երբ մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար, այժմ պարզվել է նաև, թե որ ընկերությանն է վճարվել այդ գումարը։
«Հետք» կայքն իր ծավալուն հոդվածում պարզել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ հասցրած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019 թվականին վերընտրվել է պատգամավոր, նա մինչև պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում:
Թերթը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամերիկյան այցի համար հենց ուկրաինացի գործչին պատկանող ընկերության ինքնաթիռի վարձակալումը։ Հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց.
«Ասեմ, եթե մեկ ուրիշ ընկերության պատկանող ինքնաթիռ լիներ, կարող էր հարցը լինել, թե ինչու է այդ ընկերությունն ընտրվել։ Որևէ միտում չկա։ Ընտրությունը կատարվել է նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց Կարապետյանը։
Հարցին՝ իսկ այն, որ տվյալ ընկերությունը պատկանել է ուկրաինացի գործարարին, արդյոք որևէ դերակատարում չի՞ ունեցել Կառավարության նպատակահարմարության մեջ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ո՛չ, չի ունեցել»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: