Հանրայինը զբաղված է ուղեղների լվացմամբ եւ ատելության սերմանմամբ․Top-news
Ինչո՞վ է զբաղված Հանրային հեռուստաալիքի լուրերի թողարկումը: Ճիշտ եւ միակ պատասխանը պետք է լիներ՝ Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին համառոտ եւ ամփոփ տեղեկության մատուցմամբ: Ափսոս միայն, որ Հանրայինի լուրերի դեպքում այսպիսի պատասխան չի կարող հնչել:
Հանրայինը զբաղված է ՀՀ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելով, այլ կերպ ասած, ուղեղների լվացմամբ եւ ատելության սերմանմամբ:
Հանրայինը լուրերը հիշեցնում են սովետական տարիների «Մարդը եւ օրենքը», ինչպես նաեւ «Իրավաբանի ընդունարան» եւ մեր օրերի «1-02» հաղորդաշերերն իրենց բացասական ամբողջ դրսեւորմամբ:
Սեդա Սաֆարյանը եւ Արամ Մանուկյանը շատ բան կարող են ասել, բայց երբ նրանք անհիմն մեղադրանքներ են ներկայացնում, կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակում, ատելություն սերմանում, մի՞թե Հանրայինը պարտավոր է նրանց խոսքը, ուղիղ խոսքը եթեր սփռել: Ոչ, պարտավոր չէ, բայց Հանրայինը հենց դրանով էլ զբաղված է, քանի որ Հանրայինի լուրերի թիվ մեկ գործառույթը ատելության սերմանումն ու իրականության աղճատված ներկայացումն է:
Երբ Սեդա Սաֆարյանը, որը փաստաբան է, հայտարարում է, թե ժողովրդի 70-80-ը կողմ է, որ Քոչարյանն ազատության մեջ չմտի, իսկ Հանրայինի լուրերը հեռարձակում են այդ տեղեկությունը, ապա ստացվում է, որ զբաղված են ստի եւ կեղծիքի տարածմամբ: Երբ Արամ Մանուկյանը հայտարարում է, թե Քոչարյանը ժողովրդից միլիարդներ է թալանել, իսկ Հանրային հեռարձակում է, նշանակում է Հանրայինը զբաղված է ատելության քարոզով:
Այն, ինչով այսօր զբաղված է Հանրային հեռուստաալիքի լուրերի թողարկումը, մեղմ ասած, լրատվության հետ որեւէ կապ չունի: Սովետական «Վրեմյան» այս առումով անհամեմատ ավելի բարոյական դաշտում էր գտնվում:
Վարդան Մխիթարյան