19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էներգետիկ միասնական շուկաները պետք է ձևավորվեն զուգահեռաբար 2025 թվականին. Պուտին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,- քիչ առաջ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով նիստի արդյունքներին:

Վլադիմիր Պուտինն ասաց, որ համաձայն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությանը տրված դրական գնահատականներին: Նրա որակմամբ՝ ԵվրԱզԷս-ը զարգանում է աստիճանաբար, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջող կերպով գործում է: ՌԴ նախագահի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների աճի վրա, նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը:

«Նշեմ, որ շարունակում է աճել նաև անդամ երկրների ՀՆԱ-ների համակցությունը: Աճում է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունը, միևնույն ժամանակ՝ մեր միավորման առջև ծառացած են նոր մասշտաբային խնդիրներ: Ի դեպ, հատուկ ուշադրության է արժանի, մեր կարծիքով, ապրանքների և ծառայությունների առևտրի հարցում սահմանափակումների վերացմանն ուղղված համակարգային աշխատանքը շուկայի տարբեր ոլորտներում»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա ներկայացված ֆինանսական շուկայի փաստաթուղթը կարևորեց: ՌԴ նախագահի գնահատմամբ` էներգետիկ ոլորտում օրենսդրության հստակեցումն ընթանում է լավ տեմպերով:

Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ արդեն մոտ ապագայում ուժի մեջ կմտի միացյալ էլեկտրաէներգետիկ շուկայի համաձայնագիրը: Նրա խոսքով, ընդհանուր էլեկտրաէներգիայի տարածքը պետք է ձևավորվի՝ զուգահեռ գազի, նավթի, նավթամթերքի միասնական շուկաներին, 2025 թվականին:

«Պետք է աշխատել զարգացնել նաև թվային տնտեսությունը»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա կարևորում է նաև ապրանքների մակնշումը ու հետագայում դրանց շարժի վերահսկողությունը: Պուտինն ասաց, որ հետաքրքրված են նաև արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնմամբ: Նա նշեց, որ ողջունում է Մոլդավայի նախագահին, Իրանի նախագահին, Սինգապուրի վարչապետին:

Նրա որակմամբ՝ այսօր ստորագրվելիք համաձայնագիրը Սինգապուրի հետ նպաստավոր պայմաններ կստեղծի փոխադարձ արտահանում-ներմուծում գործողությունների համար, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար:

«Սինգապուրը հուսալի, կայուն գործընկեր է՝ արագ զարգացող տնտեսությամբ և լավ կառավարմամբ: Վերջերս Սինգապուրի կառավարության հրավերով առիթ եմ ունեցել լինելու այնտեղ: Ակնկալում ենք նաև, որ հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի Իրանի և ԵվրԱզԷս-ի միջև ազատ առևտրի գոտու պայմանագիրը, դրա իրականացումն էականորեն կիջեցնի ներմուծման տարիֆները, մի շարք այլ սահմանափակումներ կվերացնի և կնպաստի համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»,- ասաց Վլադիմիր Պուտինը:

Եզրափակելով իր խոսքը՝ ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերներին՝ այս համատեղ աշխատանքը կազմակերպելու համար:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ