19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահապարտը ցայտնոտի մեջ է: Առա՛ջ, դեպի 37-ականների Հայաստան

Ինչո՞ւ Նիկոլի «ձեռքի» դատաիրավական համակարգը ընդամենը հաշված օրերի ընթացքում կտրուկ շրջադարձ արեց «թավշյա ռեպրեսիաների» քաղաքականությունից, տվեց-անցավ անցավ ռուբիկոնը եւ արդեն առանց ձեւականությունների՝ բացահայտ պատժիչ գործողություններ է իրականացնում Քոչարյանի ու իր աջակիցների, բարձրաստիճան այլ «նախկինների» եւ սրանց հետ այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց նկատմամբ։

Ինչո՞ւ է այդպես կատաղորեն սուր ճոճում ՍԴ նախագահի դեմ` չխորշելով ՍԴ նախագահին հրաժարեցնելու ամենաարգահատելի միջոցներից, կարծես՝ աշխարհի վերջն է։

Քննչական մարմիններն ու դատարաններն ինչպե՞ս են համարձակվում բացեիբաց` աչք փակելով օրենքների եւ միջազգային իրավունքի տարրական նորմերի, հայաստանյան եւ միջազգային իրավակիրառ պրակտիկայի վրա, ստորաքարշաբար կատարել հոգեպես անհավասարակշիռ «նավապետի» բոլոր հրահանգները`չմտածելով, որ գալու է հատուցման ժամը, եւ իրենք վաղ թե ուշ պատասխան են տալու այսօրվա կամայականությունների եւ ոչ մի սահման չճանաչող իրավական բեսպրեդելի համար։

Բանը հասել է նրան, որ Նիկոլի եւ իր զոմբիների սրտի դատավորի «կողքով անցնելու»` կողքից քայլելու, տհաճ հարցեր տալու եւ «ոտքի վրա հարցուպատասխանը» նկարահանելու համար անձի նկատմամբ հերիք չէ` քրեական գործ են հարուցում, հերիք չէ` կալանքն «ուզած-չուզած տալիս են», դեռ մի բան էլ գիշերը ժամը 4-ին 8-9 հոգով խաբեությամբ ներխուժում են «կասկածյալի» բնակարան` ներկայանում որպես շտապօգնության անձնակազմի անդամներ, որեւէ դիմադրության չհանդիպելով`իր ոտքով իջեցնում բակ, խցկում մեքենայի մեջ, հետո հետին թվով տեսախցիկների առաջ ձեռնաշղթաներով ցուցադրական «մասկի-շոու» կազմակերպում, «ծնկի իջեցնում», կարծես` հույժ վտանգավոր տեռորիստի են բերման ենթարկում։

Եվ սա` այն դեպքում, երբ իրական տեռորիստները Նիկոլի կամոք, խորհրդարանական «ընդդիմության» միջնորդական ջանքերով եւ հերթական անողնաշար դատավորի դոբրոյով ազատության մեջ են։ Ավելին` ընդունելության են արժանանում վարչապետի կողմից եւ քննարկում նրա հետ «Հայաստանի ներքաղաքական զարգացումները»։ Այսինքն`ինչպես հնարավորինս ցավոտ եւ անսպասելի հարված հասցնել քաղաքական հակառակորդներին եւ «մեկընդմիշտ» փակել «ռեւանշիստների» ճանապարհը. այնպես, որ ոչ մեկը չթփրտա, չխլրտա, չպլստա իրենց ծնած, սնած, փայփայած «վնգստացող արդարադատության» մամլակից։

Իսկ շտապում է Նիկոլը (պա՞րզ է, չէ՞, որ քննչական մարմինները եւ դատարանները սոսկ կատարածուներ են` Նիկոլի վրեժխնդրության մոլուցքին հագուրդ տալու, տերերի աշխարհաքաղաքական շահերն սպասարկելու բութ գործիք) պարզ պատճառով. որովհետեւ ցայտնոտի մեջ է։

Բոլթոնի հրաժարականից հետո ամերիկյան «իսթեբլիշմենթի» պահանջները Նիկոլին «փոխանցելու» գործառույթն իր վրա վերցրած Մեթյու Բրայզայի մեսիջը` որ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների համբերությունն սպառվում է` Փաշինյանը չի արդարացնում Բաքվի «բարձր վստահությունն» իր «բարի մտադրությունների» նկատմամբ, եւ լուրջ կասկածներ կան`արդյոք, նա ի վիճակի՞ է այնքան ամրապնդել սեփական իշխանությունը, որ կարողանա «ցավոտ զիջումների» գնալ Արցախի հարցում, տեղ է հասել։

Նիկոլը հասկացել է, որ «շուստրիություն անելու», «կռուտիտների» ռեսուրսն աղետային արագությամբ կրճատվում է` ժամանակն է կատարել խոստումները, թե չէ`անդրօվկիանոսյան պապաները կբարկանան եւ, ինչպես «ժողովրդի ուսերի վրա» տարան Բաղրամյան 26 (այնտեղից` հանրապետության հրապարակ), այնպես էլ դուրս կշպրտեն. «մանրուքների» հետեւից ընկնելու ո՛չ տեղին է, ո՛չ ժամանակը։

Այս իրավիճակում ջրից չոր դուրս գալու մի՛ շանս ունի` ներկայացնել համոզիչ «ապացույցներ», որ իր վրա դեռ կարելի է հույս դնել` չկա ոչինչ, որ կանգնեցնի իրեն, սասանի հանուն իշխանության «հարազատ մորը» ծախելու վճռականությունը. ինքը դարձել է մահապարտ եւ իր ենթականերին`քննիչներին, դատավորներին, երեսփոխաններին, կուսակից ընկեր-քայլարածներին իր հետ քաշում է անդունդը` առա՛ջ, դեպի 37-ականների Հայաստան…

Լիլիթ Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ