Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների, այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։
Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: