Մահացել է Գալյա Նովենցը /վիդեո/
Այսօր, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը:
Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երեւանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետեւ երկար տարիներ նա աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած “Համազգային” թատրոններում:
Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր: Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը: Նրան համարում էին բոլոր ժամանակների հայ եւ խորհրդային կինոյի ամենանշանավոր եւ ամենատաղանդավոր վարպետներից մեկը:
Նովենցը հիսունից ավելի դեր է խաղացել թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ է կատարել: Նա նկարահանվել է մոտ երեք տասնյակ ֆիլմերում, մասնավորապես` “Բարեւ, ես եմ”, “Մենք ենք, մեր սարերը”, “Այս խաչմերուկում”, “Հին օրերի երգը”, “Նահապետ”,”Մեր մանկության տանգոն”, “Գիքորը”, “Սպիտակ անուրջներ”, “Կտոր մը երկինք”: