Մեղրիից սկսած իրանցի զբոսաշրջիկների համար տաքսի վարորդների մի մեծ ցանց է աշխատում որպես մինջնորդ
Հայաստանում վերջին տարիներին սպասարկման եւ հյուրանոցային ոլորտը գնալով զարգանում է: Եթե ժամանակին ունեինք երկու-երեք ավտոբուս, որոնք զբոսաշրջիկներ էին տեղափոխում եւ երկու երեք նորմալ հյուրանոց, որոնցից, օրինակ “ Դվին”-ում սենյակները էլեկտրական տաքացուցիչով էին ջեռուցվում, իսկ “Անի”-ում դույլերով էին տաք ջուր մատակարարում տուրսիտներին, այսօր ունենք բարձր որակի սպասարկում ունեցող հյուրանոցներ
Այսօր “Հենարան” մամուլի ակումբում այս մասին ասաց “Տաթև” տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը: Նրա խոսքով, չնայած նշված առաջընթացին, ներքին տուրիզմի ոլորտում առկա են լուրջ խնդիրներ:
Նախ, տուրիստին դեպի Հայաստան գրավելու համար պետք է երկիրը պատշաճ ներկայացվի, ինչը Առլեն Դավուդյանի խոսքով, չի իրականացվում: “Դա թողնված է տուրիստական ընկերությունների վրա, որոնցից բոլորը չեն, որ կարողանում են այդքան մեծ բեռ վերցնել: Այստեղ պետական կառույցների դերն է մեծ, որ դրսում Հայաստանը գովազդվի”,-նշեց Առլեն Դավուդյանը:
Նրա խոսքով, պետությունը տուրիստական ընկերություններին կարող է օգնել` ցուցահանդեսներին մասնակցելու համար պետական աջակցություն տրամադրելով: Մյուս խնդիրն, ըստ բանախոսի, փոխադրող ընկերությունների մենաշնորհային դիրքն է:
“Մենք ունենք միայն մեկ փոխադրող` “Արմավիա”-ն եւ ստիպված ենք ենթարկվել նրա բոլոր պայմաններին: Նույնը նաեւ ցամաքային ոլորտում է: Ցամաքային երթուղիների մեջ դեպի Ռուսատան , Վրաստան եւ Իրան մրցույթներ են կազմակերպվում, բայց ըստ կարգի, հաղթում է մեկ ընկերություն, այսինքն, կրկին մենաշնորհ է ստացվում, բայց եթե օրենքում փոփոխություն լինի, որ յուրաքանչյուր երթուղում երկու-երեք կազմակերպություն հաղթի, մրցակցություն կլինի եւ գները կիջնեն”,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստան-Իրան երթուղու մրցույթն, օրինակ, շահում է “Վան Վասպուրական” ընկերությունը: Նրա խոսքով, հարցը ընկերության հետ չէ կապված, այլ` մրցույթի կարգի:
Առլեն Դավուդյանի նշած երրորդ խնդիրը ծառայությունների մատուցման մակարդակն է, որտեղ մեծ է տուրիստական ընկերությունների դերը: “Այսօր յուրաքնաչյուր տաքսու վարորդ, երբ տուրիստ է մի տեղ տանում, դրանից հետո սկսում է կազմակերպել մյուս շրջագայություները: Մարդու համար կարեւոր չէ, թե մեր ազգային արժեքների եւ օբյեկտների ներկայացումն ինչպիսին կլինի”,-նշեց Առլեն Դավուդյանը:
Նրա խոսքով, այսօր Մեղրիից սկսած տաքսի վարորդների մի մեծ ցանց է աշխատում որպես մինջնորդ, որոնք տեղափոխում են իրանցի զբոսաշրջիկներին եւ անգամ բնակարանների հարց լուծում նրանց համար: “Այս բնագավառում վերահսկողություն չկա եւ դա վնասում է լեգալ աշխատող կազմակերպություններին”,-նշեց Առլեն Դավուդյանը: