Հայաստանցիներին մնում է “հանգստանալ” իրենց տանը
“ Հայաստանում մարդիկ չեն կարող Ծաղկաձոր, Ջերմուկ , Սեւան գնալ եւ նորմալ գներով հանգստանալ: Այնպիսի թվեր են կրակում, որ խելքին մոտ չէ:
Մեր տուրիզմը պետք է լինի շատ մատչելի մեր ազգաբնակչության համար, որպեսզի այն մարդիկ, ովքեր արտերկիր գնալու հնարավորություն չունեն, հանգստանան այստեղ”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում անդրադառնալով սպառողական զամբյուղին եւ դրա սահմաններում հանգստանալու հնարավորությանը, ասել է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նրա կատարած ուսումնասիրությունների համաձայն, հայաստանցիների մեկ-երկու տոկոսը հանգստանում է գյուղում` բարեկամների տանը, մոտ 20 տոկոսը, որոնք արտասահմանյան ֆիրմաներում են աշխատում, եւս կարողանում են օգտվել արտագնա տուրիզմից, ասենք` 300-500 հազար դրամի եւ ավելիի սահմաններում հանգստանալ արտերկրում, իսկ ազգաբնակչության 75 տոկոսը անգամ հայրենիքում հանգստանալու մասին չի կարող մտածել, որովհետեւ հնարավորություն չունի:
Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32.500 դրամ է, միջինը` 60-70 հազար դրամ, իսկ բարձրը կախված է նրանից, թե ով որտեղ է աշխատում: Աշխատավարձի չափի հետ սակայն, հանգստյան տների գները համահունչ չեն: Մելիտա Հակոբյանի խոսքով, անկախության 20 տարիների ընթացքում, ռեստորանների, սրճարանների ու հյուրանոցների զարգացմանը զուգահեռ, աշխատավարձի չափն էլ պետք է նույն զարգացումն ապրեր:
Ջերմուկում, Մելիտա Հակոբյանի խոսքով, աստղաբաշխական թվեր են: “Մի տարի առաջ ես այնտեղ եղա, մի առողջարան կար, որտեղ մեկ գիշերը 100 դոլար էր: Մի քանի օր առաջ տեղեկություն ստացա, որ Պարզ լճում ուղղակի նայել-դուրս գալ անվճար կարելի է, բայց, եթե ուզում ես գիշերել` 100-150 հազար դրամ է հարկավոր”,-նշեց բանախոսը:
“Տաթև” տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանն էլ, ով մասնագիտացած է ներքին տուրիզմի գծով, տեղեկացրեց, որ Ջերմուկում մեկ անձի համար մեկշաբաթյա հանգիստը արժե 510 դոլար, Սեւանում` մոտ 400 դոլար: Բերելով Վրաստանի օրինակը, բանախոսը նշեց, որ այնտեղ ոլորտը սկսեցին զարգացնել ցածր գներից:
“ Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան հասցնել եվրոստանդարտներին, պետք է մեր բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններն ու գիտակցությունը նույնպես հասցնենք այդ ստանդարտներին”,-համոզված է բանախոսը: Իսկ քանի որ դա այդպես չէ, հայաստանցիների գերակշիռ մասին մնում է “հանգստանալ” իրենց տանը: