20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թ. Թորամանյան 150-ամյակ. Երևանում անցկացվում է ”Պատմամշակութային ժառանգության պահպանություն” խորագրով միջազգային գիտաժողով

Ավարտին է մոտենում ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագիրը: Ծրագիր, որը խիստ արժեքավոր ներդրում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, դրանում երիտասարդության նեգրավվածության մեծացման, ոլորտը միջազգային լավագույն փորձի հիման վրա զարգացնելու գործում:

Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել ծրագրի արդյունքում տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաների հիմնադրումը:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմքի վրա ստեղծվեցին որմնանկարների, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ կտավի/պաննոյի վրա արված նկարների, Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիաներ: Նոր ուժով սկսեց գործել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական առարկաների վերականգնման լաբորատորիան:

Ծրագրի շրջանակում Հայաստան են բերվել հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման գործում կիրառվող բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ, որոնք ծրագրի ավարտին կհատկացվեն տեղական հաստատություններին:

Ծրագրի կարևորագույն առաքելություններից էին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանների համագործակցությամբ ընթացող վարպետության դասընթացները, որոնց մեջ առանձնահատուկ են վերականգնող-ճարտարապետների, ինչպես նաև շինհրապարակի ղեկավարների` աշխղեկների վերապատրաստման դասընթացները:

Ծրագրի ավարտը կնշանավորվի 2014 թվականի հունիսի 4-6-ը, Երևանում կայանալիք «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովով՝ նվիրված հայազգի ականավոր ճարտարապետ Թ. Թորամանյանի 150-ամյակին: Հատկանշական է, որ մեծանուն ճարտարապետի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. Հոբելյանական միջոցառումների օրացույցում: Գիտաժողովում անպայմանորեն անդրադարձ կարվի ծրագրի արդյունքներին, կամփոփվեն հաջողություններն ու ձեռքբերումները, կնախանշվեն հետագա համատեղ ծրագրերի իրականացման նոր ուղիները:

Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն ծրագրում ընդգրկված հետևյալ թեմաները.

  • Վերականգնումը Հայաստանում՝ անցյալը, ներկան և ապագան,
  • Նորամուծություններ և կրթական ծրագրեր Հայաստանում ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում,
  •  Ուսումնասիրություններ` նվիրված Թորոս Թորամանյանին,
  • Արուճի վերաբերյալ ուսումնասիրություններ և նախագծեր,
  • Ուսումնասիրություններ Տաթևի վանքի վերականգնման վերաբերյալ,
  • Որմնանկարների վերականգնում,
  • Միջազգային նախագծեր մշակութային ժառանգության պահպանման ոլորտում,
  • Հայկական ճարտարապետական ժառանգություն,
  • Հնագիտություն,
  • Պատմամշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններ,
  • Արդի  ժառանգություն,
  • Ստրուկտուրալ ամրակայման նախագծեր Հայաստանում և արտերկրում, 
  • Մշակութային ժառանգության դերը զբոսաշրջության զարգացման գործում: 

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Պորտուգալիայից:

Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:

Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել պաշտոնական կայք` http://chp2014.restauroarmenia.org/:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ