Մեր ուրախությունը, պարզվեց, պետք է ավարտվեր այս տարվա մայիսի 23-ին. Աբովյանից դիմում են նախագահին
Աբովյանի Շախմատի դպրոցի ծնողները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ,
Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի ծնողներս ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր քաղաքին առնչվող մի կարևոր խնդրի վրա: 2006թ. դեկտեմբերի 28-ին մեծ հանդիսավորությամբ Աբովյան քաղաքի 45-ամյակի միջոցառումների շրջանակում Ձեր իսկ մասնակցությամբ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում բացվեց Շախմատի դպրոցը: Դուք ներկա եք եղել նաև դպրոցի երկրոդ հարկի բացման միջոցառմանը: Ժամանակին այն համարվեց նվեր աբովյանցիներին, որի համար այսօր էլ շնորհակալ ենք Ձեզ: Դպրոցը շատ արագ դարձավ սիրված և ցանկալի կենտրոն մեր փոքրիկների համար, որտեղ շախմատային գիտելիքներ են ստանում քաղաքի և հարևան համայնքների 100-ավոր երեխաներ: Նորակառույց շենքի և ստեղծված հարմարաւոթյունների գնահատականը եղել է հանրապետական և միջազգային մրցաշարերում մեր երեխաների գրանցած արդյունքները: Այսօր, դպրոցի սաները ներկայացնելով Աբովյանի համայնքը` մրցակցում են հանրապետության հաղթական ավանդույթներով հարուստ դպրոցների հետ: 2006թ-ից առ այսօր դպրոցը ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքը:
ՀՀ Շախմատի ֆեդերացիայի մեծարգո նախագահ, ցավոք սրտի մեր ուրախությունը պարզվեց պետք է ավարտվեր այս տարվա մայիսի 23-ին, երբ դպրոցի տնօրինությունը տեղեկացրեց, որ դպրոցի առաջին հարկն ունի սեփականատեր, ով պահանջում է ազատել շենքը: Մեր զարմանքը կրկնապատկվեց, երբ պարզ դարձավ սեփականատիրոջ ով լինելը: Պարզվում է այս շենքը նույնպես պատկանում է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ. Իսրաելյանին: Դպրոցի տնօրինությունը կատարելով նրա պահանջը՝ արդեն իսկ ազատել է առաջին հարկի տարածքը: Այն որ վտանգվել է 2014-2015 ուսումնական տարվա պարապմունքները և ընդունելությունը, արդեն իսկ փաստ է, բայց անթույլատրելի է երկրի նախագահի, պաշտոնատար անձանց ներկայությամբ հանդիսավոր դպրոց բացել և հայտարարել, որ այն համայնքի սեփականությունն է, իսկ ընդամենը մի քանի տարի անց պահանջել ազատել շենքը, քանի որ այն մասնավոր կառույց է:
Խնդրում ենք Ձեր միջամտությունը, այս հարցին լուծում տալու, շենքի սեփականաշնորհման մութ գործընթացի բացահայտման և շախմատի դպրոցի գործունեությունը վտանգից զերծ պահելու համար:
Խորին հարգանքով՝ Աբովյանի Շախմատի դպրոցի ծնողներ