Վարդան Մինասյանի խոսքերը խեղաթյուրել են. պարզաբանում
Ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջնության 15-րդ տուրի ”Կայսար”-”Տոբոլ” (0:0) հանդիպումից հետո պատասխանել էր լրագրողների հարցերին:
Ըստ ղազախական ԶԼՄ-ների, Մինասյանը նշել էր, որ Ղազախստանում տաղանդավոր ֆուտբոլիստներն ավելի շատ են, քան Հայաստանում: ”Տոբոլի” պաշտոնական կայքը հարցազրույց է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ հարցազրույցը խեղաթյուրումներով է ներկայացվել:
Ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է, որ լրագրողները Մինասյանի խոսքերը ռուսերենից թարգմանել են ղազախերեն. պահպանել են բուն իմաստը, սակայն ներկայացրել խեղաթյուրված տեսքով: Հարցին`ի՞նչ կասեք Հայաստանի և Ղազախստանի առաջնությունների տարբերության մասին, Մինասյանն իրականում ասել է.”Ես չեմ կարող ասել, ես չեմ վերլուծել: Ձեր մոտ շատ արագ է զարգանում ֆուտբոլը լավ լեգիոներների, ֆուտբոլի պատանեկան դպրոցների շնորհիվ: Նման ֆուտբոլիստներ կան նաև ”Տոբոլում”: Պատահական չէ, որ նախորդ տարի ղազախական երկու ակումբ մասնակցեցին եվրագավաթաներին: Կարծում եմ, որ այս տարի ևս նրանք կարող են հանդես գալ եվրագավաթի խմբային փուլին, քանի որ արդեն ունեն դրա փորձը”:
Ղազախական ակումբը հույս է հայտնում, որ Մինասյանի խոսքերի սխալ ներկայացումը չի դառնա մարզչի մոտեցումների սխալ ընկալման պատճառ: