16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեծ ծախսեր՝ զրո արդյունք․ խորհրդարանական դիվանագիտության պերճանքն ու թշվառությունը. 168 Ժամ

Ցանկացած պառլամենտական հանրապետության համար առանցքային է ուժեղ պառլամենտի դերը, որից անմիջապես բխում է նաև զարգացած ու գործունյա պատգամավորների առկայությունը։ Պառլամենտական պետության համար շատ կարևոր է նաև ուժեղ պառլամենտական դիվանագիտության առկայությունը։

Պետք է նշել, որ անցած տասնամյակների ընթացքում ընդհանուր առմամբ խորհրդարանների դերը բավականին աճել է արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում։ Լայն տարածում է ստացել խորհրդարանական դիվանագիտություն տերմինը, որը ներառում է միջազգային հարաբերությունների ոլորտում խորհրդարանների պարտականությունները և գործողությունները։ Այնքանով, որքանով խորհրդարանականները համարվում են ժողովրդի ընտրյալներ, երբեմն հավասարության նշան է դրվում խորհրդարանական դիվանագիտության և ժողովրդական դիվանագիտության միջև:

Որպես կանոն՝ քաղաքական գործիչների և հետազոտողների շրջանակներում լայն աջակցություն է գտնում այն հայեցակարգը, ըստ որի՝ խորհրդարանական դիվանագիտությունը կապող օղակ է ժողովրդական և պաշտոնական դիվանագիտության միջև, քանզի խորհրդարանն իր պատգամավորների միջոցով հասարակության մտահոգություններն արտաքին քաղաքական հարցերում առավել հասանելի է դարձնում իշխանություններին, իսկ կարևոր հարցերի շուրջ կառավարության քաղաքականությունը` հասարակության լայն զանգվածներին: Այլ կերպ ասած` խորհրդարանները պատասխանատու են քաղաքական որոշումները ժողովրդին հասցնելու համար:

Խորհրդարանի՝ իբրև արտաքին քաղաքականության մեջ միջնորդի հայեցակարգը կապված է իշխանության այդ մարմնի ներկայացուցչական բնույթի հետ, որը շատ հաճախ ընդգծվում է՝ իբրև խորհրդարանի հիմնարար գործառույթ: Խորհրդարանական դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է ռազմարվեստից վերցված եզրույթներով, ինչպիսիք են հարձակողական, նախահարձակ, պաշտպանական, զսպող և այլն։

Նման կարևոր ինստիտուտում, ինչպիսին երկրի օրենսդիր մարմինն է, այսօր ունենք բավականին անմեղսունակ և դիլենտանտ մի վիճակ, երբ պառլամենտականները, բառի բուն իմաստով, չեն պատկերացնում իրենց գտնվելու վայրն ու իրենց առաջ դրված կարևոր պատասխանատվությունը։ Մեր «թավշյաներն» իրենց լուրջ աշխատանքին վերաբերվում են մատների արանքով։

Ամենացավալին այն է, որ նրանք չեն գիտակցում, որ այդտեղ հազարավոր ձայներ են ստացել և հայտնվել են պառլամենտում իրենց քաղաքական «կնքահոր» շնորհիվ։ Իսկ ինչ վերաբերում է ներկայիս խորհրդարանական դիվանագիտությանը, այն ուղղակի «Երալաշի» մակարդակի է․ մարդիկ չեն հասկանում իրենց առաջ դրված խնդրի կարևորությունը՝ ամեն ինչ արվում է սիրողական մակարդակի և իմիջայլոց։

Վերջին շրջանում միջազգային խորհրդարանական կազմակերպություններում գործուղումից վերադարձող հայկական պատվիրակությունների մամուլի ասուլիսները մասամբ հիշեցնում են հին հռոմեական տրիումֆները՝ հաղթահանդեսները, որի պատիվը տրվում էր հաղթանակած գեներալներին` տոնելու համար հաջողությամբ ավարտած պատերազմը։

Տեղին է հիշեցնել, որ միայն հունիս ամսվա ընթացքում ՀՀ ԱԺ-ում իրականացվել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով (օրինակ՝ Արարատ Միրզոյանը Մոսկվա էր մեկնել մոտ 20 հոգանոց պատվիրակությամբ):

Մամուլի հրապարակումներից հայտնի է դառնում, թե գործուղումների ինչ «շքերթի» մասին է խոսքը, այն ընդգրկում է բավականին լայն աշխարհագրություն՝ Ստոկհոլմից՝ Լուսակա, Լիսաբոնից՝ Տոկիո։

Փաստենք, որ այս հսկայածավալ գործուղումների արդյունքներն ԱԳՆ-ի կողմից տեսանելի չեն, չնայած մի քանի միլիոնի հասնող գումարներ են հատկացվել պետբյուջեից․ ի դեպ՝ դեռևս հունիսին կառավարությունն իր պահուստային ֆոնդից լրացուցիչ գումար հատկացրեց խորհրդարանին, քանի որ ԱԺ-ի գործուղումների մասով հատկացված գումարն արդեն սպառվել էր։

Եթե խոսենք «թավշիստների» խորհրդարանական գործուղումների արդյունքների մասին, այն նույնքան զավեշտ կպատճառի, որքան հայտնի «Կալամբուրի» մանրապատումները, քանի որ պառլամենտական դիվանագիտական հարթակում նրանք ունեն զրո արդյունք։ Չնայած այն հանգամանքին, որ Արարատ Միրզոյանը Մոսկվայում էր բազմամարդ պատվիրակությամբ, սակայն ներկա օրենսդիրներից ոչ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ թուրքական և ադրբեջանական պատվիրակների հնչեցրած հայտարարություններին, որոնք ուղղված էին Հայաստանի և Արցախի դեմ։

Միայն ֆորումի հաջորդ օրը, իր նախօրորք գրանցած ելույթով, տվյալ պատվիրակությունների պատասխանը հնչեց Արմեն Աշոտյանի կողմից։

Հիշարժան է նաև ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի դեպքը, երբ գործող իշխանության ներկայացուցիչները դիմել էին ՀՀԿ-ականների աջակցությանը։

Հետաքրքրական է այն, որ ներկա պատվիրակություններն իրենց ստորագրած հուշագրերում և եզրափակիչ ակտերում գրեթե բառացիորեն արտագրում են նախորդ իշխանությունների օրոք ստորագրած ռեզոլյուցիաները։

Բավականին զավեշտալի էր նաև Ալեն Սիմոնյանի այցը ՌԴ, որտեղ հանդիպումներն անցան կիսատ-պռատ, և անհասկանալի էր, թե ընդհանրապես որն էր այցի բուն նպատակը, դե, իսկ այն, ինչ տեղի ունեցավ հարևան Վրաստանում նույն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության ժամանակ, դասական անգրագիտություն էր․ հայկական պատվիրակությունը նախ լքել էր նիստերի դահլիճը, որը, ի դեպ, ֆիքսվել է ռուսական պատվիրակության կողմից, և երկրորդ՝ ռուս-վրացական այդ բախումների ժամանակ բավականին իներտ կեցվածք ընդունել։ Նմանօրինակ կուրյոզ ու մարազմատիկ դեպքերը շատ են, ուստի կսահմանափակվեմ այսքանով։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ