Ո՞ւր է գնում Հանրապետականը
Մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդենցներին
Ժամանակակից աշխարհի տեկտոնիկ տեղաշարժերը մեծապես ազդել են նաեւ քաղաքականության բովանդակության եւ ձեւի վրա՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային մակարդակներում: Ավանդական կուսակցությունները տեղեկատվական դարաշրջանում առերեսվեցին պոստ-ինդուստրիալ հասարակության նոր դեմքին, որպես կանոն, պատրաստ չլինելով անմիջապես առաջարկել համարժեք լուծումներ:
Դրա փոխարեն ամբողջ աշխարհում, հատկապես՝ Արեւմուտքում, սկզբնավորվեցին նոր քաղաքական միավորումներ, որոնք չունեին նախկինների հիերարխիկ կառուցվածքը, պատմությունը, կուռ գաղափարական հենքը, եւ հիմնականում քաղաքական նախագծեր էին հիշեցնում, քան դասական միավորումներ: Այս ֆենոմենի հայկական օրինակը հենց փաշինյանական «Քաղաքացիական պայմանագիրն» է:
Այս գործընթացին զուգահեռ՝ կեղծ ազատականության եւ ազատական ծայրահեղականության գրոհի պարագայում, որոնց թիրախում էին հասարակությունների ավանդական արժեհամակարգը, կացութաձեւն ու փիլիսոփայությունը, տարբեր երկրներում նոր թափ ստացան հասարակական եւ քաղաքական շարժումներ, որոնց գոյության հիմքում ժողովուրդների ինքնապահպանական բնազդն էր՝ գլոբալիզմի ճիրաններից ավանդականությունը, ինքնությունը փրկելու համար:
Երկար ու ձիգ տարիներ եվրոպական քաղաքական դաշտն ուներ երկու քաղաքական գերհսկա բեւեռներ՝ պահպանողականներ եւ սոցիալ-դեմոկրատներ, որոնք ռեալ քաղաքականության շրջանակներում տարիների ընթացքում տրանսֆորմացվում էին որպես բյուրոկրատական կառույցներ, հարթելով իրենց գաղափարաբանական սուր անկյունները եւ մղվելով դեպի քաղաքական կենտրոն: Նման, հիմնականում երկբեւեռ քաղաքական իրողությունը եվրոպական երկրներում ապահովեց հանրային կոնսենսուս եւ թույլ տվեց առաջ տանել Եվրոպական Միության նախագիծը:
Ազատականների, կանաչների, ազգայնականների եւ այլ քաղաքական խմբերի գոյությունը չէր խաթարում ընդհանուր պատկերը, քանզի նրանք իրենց գործունեությամբ ավելի շատ արբանյակային էին՝ վերը նշված բեւեռների համար:
Կարող ենք առանձին վերլուծել, թե ինչու քաղաքական այս կառուցվածքը սպառեց իր գոյության օբյեկտիվ հիմքը, եւ, ինչպես ցույց տվեցին նաեւ Եվրոպական խորհրդարանի վերջին ընտրությունները, եվրոպական քաղաքական դաշտն արդեն թեւակոխել է ֆրագմենտավորման, տրոհման փուլ՝ բազմազան քաղաքական միավորումներով, թե աջից, թե ձախից ուժեղացած քաղաքական դերակատարներով:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր երկրի քաղաքական դաշտում ի սկզբանե դիրքավորվել է որպես ազգային պահպանողական կուսակցություն, որի ծրագրի հիմքում ընկած է Գարեգին Նժդեհի ուսմունքը: Իր գոյության շուրջ 30 տարիների ընթացքում կուսակցության գաղափարական հիմքը զարգացել եւ հղկվել է՝ իր մեջ ներառելով նաեւ եվրոպական պահպանողականության եւ քրիստոնեաժողովրդավարության ֆունդամենտալ էլեմենտներ: 2011 թվականից կուսակցությունը դարձավ եվրոպական աջակենտրոն ամենախոշոր ընտանիքի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության անդամ:
Ինչպես ցանկացած իշխող կուսակցություն, իր քաղաքական պատասխանատվության ընթացքում մեզ մոտ նույնպես տարիների ընթացքում ի հայտ եկավ եւ կարծրացավ կուսակցության վարչարարական բաղադրիչը, որի պատճառով կուսակցության ներսում որոշումների կայացման մեխանիզմում բյուրոկրատիզմը սկսեց մրցել իդեոլոգիայի հետ: Այսպես եղավ նաեւ Գերմանիայի, Ֆրանսիայի, սկանդինավյան երկրների նույնատիպ կուսակցությունների հետ:
Իշխանափոխությունից հետո Հանրապետականը ստացավ նաեւ ունիկալ շանս՝ մի կողմից կրկին բյուրեղացնել իր գաղափարաբանական հիմքը, մյուս կողմից, հետեւելով եվրոպական քույր կուսակցությունների փորձին, նաեւ ընդլայնել այդ բաղադրիչը: Նման տրանսֆորմացիայի ամենատեսանելի եւ հաջողված օրինակ կարելի է համարել Ավստրիական ժողովրդական կուսակցության փորձը, որը, տարիներ առաջ զրկվելով իշխանությունից եւ առերեսվելով ծայրահեղ աջերի աճող վարկանիշին, ուժեղացրեց իր գաղափարական հիմքերը, ձայներ վաստակելով նախկինում ազգայնականներին քվեարկողների հաշվին, շռնդալից վերադարձավ իշխանության: Նմանատիպ է նաեւ Հունաստանի «Նեա Դեմոկրատիա» պահպանողական կուսակցության փորձը, որը խորհրդարանական վերջին ընտրություններին համոզիչ հաղթանակ տարավ: Իսկ այն պահպանողական ուժերը, որոնք ի զորու չեղան անել դա, մինչ այսօր շարունակում են մեծ դժվարությունների հանդիպել բոլոր ընտրությունների ժամանակ, զորօրինակ՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի պահպանողականների երբեմնի փառքի խամրումը:
Եզրափակելով՝ կարող եմ պնդել, որ մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդենցներին:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետական
կուսակցության փոխնախագահ
«Առավոտ» օրաթերթ
27.08.2019