Գյումրիի քաղաքապետը սպասում է Պուտինի “մեսիջին”.Հրապարակ
Վարդան Ղուկասյանը փորձեր է ձեռնարկում, որպեսզի Գյումրու քաղաքապետի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանը փոխի իր դիրքորոշումը:
“Հրապարակ”-ն է անդրադառնում թեմային եւ գրում, որ Գյումրիի քաղաքապետը փորձում է դրան հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով, ով, նախագահ լինելով, Աստծո ընտրյալ է, այն էլ` ավելի մեծ տարածքի վրա:
Հնարավոր է, որ նա դիմեր նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգնությանը, բայց, համապատասխան կանալներ չունենալու պատճառով, նման փորձ չի ձեռնարկել: Իսկ ահա Վլադիմիր Վլադիմիրովիչի մոտ Վարդան Ղուկասյանի համար բարեխոսելու հանձնառությունն իրենց վրա են վերցրել կազակական մի քանի ատամաններ, որոնց հետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի:
Ավելին` քանի որ Ղուկասյանին շնորհել են կազակական զորքերի գեներալի կոչում, հիմա նա հույս ունի, որ Ռուսաց ցար Վլադիմիր Պուտինը պետք է տեր կանգնի իր գեներալին: Այս պնդումները միայն առաջին հայացքից են անհեթեթ թվում, մինչդեռ որոշ մարդիկ վստահեցնում են, որ Հայաստանում նույնիսկ այսպիսի հարցերը կարող են լուծվել ռուսական արքունիքի միջամտությամբ: Այլ խնդիր է, որ Սամվել Բալասանյանի համար էլ այլ մարդիկ կարող են միջնորդած լինել ռուսական արքունիք:
Այն, որ Վարդան Ղուկասյանը չի հրաժարվել առաջադրվելու մտադրությունից, եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ նա, նախագահ Աերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո վերադառնալով Գյումրի, հրաժարվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, թեեւ շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Թերթին հայտնի է, որ որեւէ մեկը Վարդան Ղուկասյանին չի պարտադրել հրաժարվել մարզի ՀՀԿ ղեկավար պաշտոնից, նա դա արել է ինքնակամ
: Ղուկասյանի այս քայլը մի բացատրություն ունի, նա հասկանում է, որ ՀՀԿ-ն կարող է որոշում կայացնել իր թեկնածությունը չպաշտպանելու մասին: Լինելով կուսակցության մարզային կառույցի ղեկավար`նա պարտադրված է կատարել այդ որոշումը: Հրաժարվելով կուսակցական պաշտոնից` Ղուկասյանն ուզում է ցույց տալ, որ ցանկացած պահի կարող է դուրս գաւ նաեւ ՀՀԿ-ից եւ ինքնառաջադրվել: