26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը համոզված է որ ամեն ինչ տա մասնավորին, ինքը սելֆիներ անի ու խորոված ուտի, երկիրը ինքնըստինքյան առաջ կգնա

Կառավարության կողմից պրոգրեսիվ եկամտահարկը վերացնելու արդյունքում բյուջեն տարեկան կորցնում է մոտ 70 միլիոն դոլար։ Այդ բացը ուզում են լրացնել Ամուլ սարը շահագործելով, որի հարկերը տարեկան բյուջե կբերեն մոտ 50 միլիոն դոլար։ 1֊ին դեպքում էկոլոգիապես մաքուր եկամուտ, երկրորդ դեպքում՝ աղետի սպառնալիքի գնով հարկեր։

Ի՞նչն է այս երկու որոշման մեջ ընդհանուրը.

Նիկոլ Փաշինյանը բիզնեսմենների հետ հանդիպմանը հայտարարեց՝ «մեր նպատակը չի որ մենք փող աշխատենք, մեր նպատակն է որ դուք փող աշխատեք, որ դուք հարստանաք»։ «Մենք փող չաշխատենք»֊ի տակ հավանաբար նկատի ուներ կոռուպցիան, որ մենք ազնիվ ենք, բայց քանի որ ինքը պետության ղեկավարն է, ուրեմն, նաև այդ խոսքը նրա անգիտակցականն էր արտահայտում «Մեր նպատակն է որ ոչ թե պետությունը հարստանա, այլ մասնավոր անձինք»։

Փաշինյանը ծայրահեղ նեոլիբերալ է, ում կուռքը փող շինող մարդն է, նրա հավատն է որ մարդը շահամոլ կենդանի է, միայն մասնավոր շահն է նրա կյանքի իմաստը, և պետք է ամեն կերպ նրա շահերը բավարարել՝ եթե փող շատ է աշխատում, հանկարծ ավելի շատ չհարկեն, նեղվի, ով համոզված է որ ամեն ինչ տա մասնավորին, ինքը կաբինետում նստի, չէ, սելֆիներ անի ու խորոված ուտի, երկիրը ինքնըստինքյան առաջ կգնա։

Իսկ երկիրը ի՞նչ ունի, հանք, ուրեմն հանքերը պետք է տա մասնավորին։ Եթե Իմ քայլը մնա իշխանության, նորանոր Ամուլսարեր են բացվելու, ուրիշ ձև չունի, էս ագրեսիվ մթնոլորտում ուր մի ստորակետի խախտման համար ընկնում են անձանց հետևից, խոշոր ներդրումներ չեն լինելու, իսկ նոր տեխնոլոգիաների դրախտն էլ բլեֆ է. ամեն իշխանություն առաջնահերթություն է հայտարարել ՏՏ֊ն, հարկային արտոնություններ տվել, բայց Բանգալորից ու Դուբլինից մասնագենտերը Հայաստան չեն լցվել։

Ուղղակի Փաշինյանը նախորդներից տարբերվում է պերճախոսությամբ, սակայն ինչպես ասում են, հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Մասնագետներն են վկայում, որ նոր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար առանվազն 10 տարվա ռազմավարություն է անհրաժեշտ մշակել, որտեղ առաջնայինը կրթության մեջ ներդրումն ու բարեփոխումն են, սակայն այդպիսի ռազմավարությունը լուրջ աշխատանք է, որը օրական երկու ժամ ֆեյսբուքում խոսող վարչապետի պլանների մեջ չի կարող մտնել. մի պահ չերևա մարդկանց աչքին, աշխատի ապագայի վրա, հանկարծ ժողովորւդը իր մասին վատ բաներ կմտածի։

Հայաստանը ի սկզբանե կառուցվեց նեոլիբերալիզմի վրա, որի քաղաքականությունը մեկը անվանում է թալան, մյուսը սեփականաշնորհում, էն մյուսը մասնավորեցում, ու հեղափոխական լիցքը հենց ընդդեմ նելոիբելալիզմի ավերների էր առաջացել։ Սակայն այդ լիցքը օգտագործվեց որ ավելի ծայրահեղ նելոիբերալներ գան։ Նախկիններն էլ էին նեոլիբերալ, սակայն Փաշինյանը հիվանդագին նեոլիբերալ է, և եթե հեղափոխություն է եղել, ապա նեոլիբերալներին գցել, տեղը եկել են մոլագար նեոլիբերալները, որոնք նույնիսկ բանակի հաստատություններն են մասնավորեցնում՝ սնունդը տալիս են մասնավորին ու ամեն օր հրճվում, թե ինչ լավ սնունդ են ստանում զինվորները, այդ հրճվանքի մեջ արտահայտելով՝ տեսեք, միայն անձնական շահով շահագրգռված անձինք կարող են որակյալ սնունդ տալ (այսինքն, զինվորը ով անձնական շահը մի կողմ դրած կյանքն է վտանգում, գովեստի չի արժանանում, իսկ ինչ որ մեկը որ նրա սննդի հաշվին գրպանն է ուռեցնում, ամեն օր գովեստի է արժանանում)։

Մի քանի տարի հետո բանակի սնունդը մասնավորեցնելու պտուղները կվայելեն, երբ տագնապի պահին ճաշ տվող մասնավորը գների հետ կխաղա։ Ինչպես հիմա բողոքում են, որ Երևանի աղբահանությունը տվել են մասնավոր Սանիտեկին, կամ որ գրեթե ամբողջ տրանսպորտը մասնավորի ձեռքին է, որոնց շահի մեջ չի մտնում հեռավոր շրջաններ ուղևորներ հասցնելը, ինչպես Լապշինն է նկատել.

««Ժողովո′ւրդ, այդպես չի կարելի: Հասարակական տրանսպորտը շահավետ չէ աշխարհի ցանկացած երկրում, սակայն անհրաժեշտ է: Չի կարելի վստահել հասարակական տրանսպորտն ինչ-որ «գծատերերին»: Պետությունը պետք է հոգ տանի մարզերի զարգացման եւ գոյատեւման մասին: Այժմ ես չեմ զարմանում՝ ինչու են փոքր քաղաքներն ու գյուղերը բառացիորեն մարում: Այնտեղ ոչ միայն աշխատանք չկա, այնտեղ անգամ չես կարող մեկնել»։

Եթե նախկին ու ներկա իշխանությունների վերաբերյալ Փաշինյանի բոլոր խոսքերը զտենք, կմնա այն որ ինքն իրեն նախկիններից տարբերակում է մի բանով՝ նախկինները կոռումպացված էին, իսկ ես ազնիվ եմ։ Եթե նույնիսկ այդպես է, ապա երկրներին առաջ մղող գործոնների մեջ կոռուպցիան երրորդական խոչընդոտ է։ Բազմաթիվ երկների օրինակներ կարելի է բերել, որոնք կոռուպցիայի մեջ են զարգանում։

Ասում են՝ երկիրը պիտի դարձնենք նոր տեխնոլոգիաների դրախտ, դե թող տեսնեն այդ ոնց են այդ «դրախտին» հասել Հնդկաստանում կամ Բրազիլիայում, որոնք կոռուպցիայի մեջ խրված երկրներ են։ Բրազիլիան թափով սկսեց զարգանալ սոցիալիստ նախագահ Լուլայի ժամանակ 2000֊ականներին, երբ աղքատությունը 50 տոկոսով կրճատվեց, թեև այժմ Լուլան կոռուպցիայի մեղադրանքով բանտում է

Վահան Իշխանյան 

հրապարակախոս

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ