23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը

Օգոստոսի 16-ին Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ռոդոլֆո Նին Նովոան մասնակցել են Երևանում Ուրուգվայի գլխավոր Հյուպատոսության բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվության բաժինը: Նախարար Մնացականյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Հայ-ուրուգվայական հարաբերություններում այսօր բացառիկ իրադարձություն է տեղի ունենում. բացվում է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Շնորհավորելով բոլորիս այս առիթով՝ ցանկանում եմ հաջող և արդյունավետ առաքելություն մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոքին:

Ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանում Ուրուգվայի դեսպանին` պարոն Կարլոս Զգառբիին, և նաև Ուրուգվայում Հայաստանի դեսպանին՝ տիկին Էսթերա Մկրտումյանին: Դուք անմիջապես այն անձիք եք, որոնք կառուցում, հարստացնում են բովանդակությունն առօրյա աշխատանքով` հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններն առաջ տանելու համար:

Էդուարդո՛, հավաստիացնում եմ, որ Ձեր գործունեության մեջ Դուք կվայելեք Հայաստանի իշխանությունների և արտգործնախարարության ամբողջական աջակցությունը, և վստահ եմ, որ Դուք զգալի ավանդ կունենաք հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր և՛ Հայաստանը, և՛ Ուրուգվայն անցել են բավականին երկար և իրադարձություններով հագեցած ուղի: Սակայն սխալ կլիներ ասել, որ մեր բարեկամությունը սկիզբ է առել ընդամենը երկուսուկես տասնամյակ առաջ: Այն ունի ավելի խորը արմատներ․ երբ 1915թ. ցեղասպանությունը վերապրած առաջին հայը ոտք դրեց Ուրուգվայի հեռավոր, բայց հյուրընկալ ափերի վրա և վերգտավ այնտեղ արժանապատիվ, ապահով կյանքով ապրելու նոր հնարավորություն:

Այլ կերպ չէր կարող լինել մի երկրում, որը հիմնված է մեծն ժողովրդավար և հումանիստ, Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի վեհ գաղափարների վրա: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հայ նաև մեծ էմոցիոնալ զգացում ունի Ուրուգվայի նկատմամբ` որպես մի երկրի, որը 1965թ. դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը:

Եվ ես առիթ ունեի նաև կիսվելու Ռոդոլֆոյի հետ այն պատմությամբ, որը 1965թ․ տեղի էր ունենում այստեղ՝ Հայաստանում, և թե ինչ նշանակություն ունեցավ Ուրուգվայի ճանաչումը Խորհրդային Միության մեջ Ցեղասպանության արտահայտման առումով. այն հիմք հանդիսացավ կառուցելու այն, ինչը որ ունենք այսօր, երբ 1967 թ. կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրը։

Որպես արտաքին գործերի նախարար՝ չեմ կարող երախտագիտությամբ չնշել նաև այն աջակցությունը, որն Ուրուգվայը վերջին տարիներին ցուցաբերել է միջազգային օրակարգում ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների գործարկմանը միտված Հայաստանի ջանքերին: Վերադառնալով հայ-ուրուգվայական միջպետական հարաբերություններին՝ պետք է արձանագրեմ, որ անցած քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է հաստատել փոխշահավետ համագործակցություն և գործընկերային սերտ կապեր։ Դրանք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի, ժողովրդավարական միևնույն սկզբունքների վրա:

Մշտական և ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը: Հարուստ ավանդույթներ է կուտակել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդլայնման միտումներ ունի մեր երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը: Ամուր կապեր են հաստատվել մեր երկրների օրենսդիր մարմինների միջև: Համագործակցության բազմաթիվ հեռանկարներ ունենք արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում:

Հատուկ կուզենայի անդրադառնալ մեր համագործակցությանը հումանիտար ոլորտում՝ գիտությանը, կրթությանը, մշակույթին, սպորտին և զբոսաշրջությանը: Մենք միասին այս այցի ընթացքում քննարկել ենք բավական հավակնոտ ծրագրեր նաև այլ ոլորտներում: Ես վստահ եմ, որ Հայաստանում այսուհետ շատ ավելի հաճախ են հնչելու «Լա Կումպարսիտա»-ն և Կարլոս Գարդելի երգերը: Եվ նաև վստահ եմ, որ Ուրուգվայում ևս ավելի հաճախ են լսելու հայ մշակույթը՝ Արամ Խաչատրայանին, Առնո Բաբաջանյանին և հայ ժողովրդի մշակույթի այլ հսկաների:

Մեր համագործակցության շրջանակը իրապես բավականին լայն է: Չեմ կարող չհիշատակել այն կարևոր դերը, որը մեր հարաբերություններում խաղում են Ուրուգվայում հաստատված մեր հայրենակիցները: Ռոդոլֆոն արդեն նշեց, որ Ուրուգվայը հայրենիք է քսան հազար մեր հայրենակիցների համար, և դա պարզապես թիվ չէ: Նրանք ազնիվ, աշխատասեր, Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են, որոնք ամբողջովին նպաստում են մեր եղբայրական Ուրուգվայի զարգացմանը և նաև մնում են շատ խորը հայ՝ իրենց ինքնությունը պահպանող ժողովուրդ:

Իմ գործընկերը բերեց մի քանի օրինակ՝ նախարար Լիլիան Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը: Եվս մեկ հայրենակից ունենք, ով շատ կարևոր դեր ունի սպորտի բնագավառում մեր համագործակցության համար` Ռոբերտո Մարկարյանի եղբայր Սերխիո Մարկարյանը, ով աշխարհահռչակ, ճանաչված ֆուտբոլային մարզիչ է: Իսկ մեր հավակնություններն այդ բնագավառում մենք վերջերս հայտնեցինք: Հայ համայնքը եղել և մնում է կարևորագույն կամուրջ մեր երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամությունն ամրապնդելու և խորացնելու գործում, և ես իրենց խորապես շնորհակալ եմ:

Ավարտելով խոսքս, սիրելի՛ Ռոդոլֆո, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման առիթով, շնորհավորել բոլորիս, շնորհավորել նաև իմ լավ բարեկամներին՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Դիվանագիտական համայնքն ակնհայտորեն մեծանում է: Եվ մեծարգո՛ պարոն նախարար, մաղթում եմ բարեհաջող վերադարձ հայրենիք։ Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը, որոնք ուղղված են լինելու մեր երկու ժողովուրդների, երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ