15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն չի միացել “Հարսնաքար”-ի գործով հարցաշարին

ԱԺ ընդդիմադիր երեք կուսակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը” “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված  “հետեւյալ հարցաշարն են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը: Նկատենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի միացել հարցաշարին, որը ներկայացնում ենք ստորեւ:

“2012թ. հունիսի 17-ին  “Հարսնաքար” ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի հետեւանքով սպանվեց  ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի բնական այս հետեւանքը հասարակության մեջ առաջացրել է լարված իրավիճակ:

Ղեկավարվելով  “Ազգային ժողովի կանոնկարգ” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետով եւ 7-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով Ազգային ժողովի պատգամավորների նախատեսված լիազորություններից, ստորեւ ներկայացնում ենք մի շարք հարցեր եւ  ակնկալում ենք օրենքով նախատեսված ժամկետում դրանց պատասխանները.

1. Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է ոստիկանությունում ահազանգ ստացվել դեպքի մասին: Ինչու մի քանի օր ծանր վնասվածք ստացած սպայի գործով անհապաղ չի հարուցվել քրեական գործ, իսկ նյութերը մի քննչական մարմնից մյուսն է դեգերել:

2. Հայտնի՞ են “Հարսնաքար”-ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները, կա՞ն դեպքի այլ ականատեսներ, որոք դեռ հարցաքննված չեն:

3. Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեւակերպվա՞ծ են ապացուցման առարկա հետեւյալ հարցերը.

3.1 ո՞ր ժամանակահատվածում է տեղի ունեցել միջադեպը եւ որտե՞ղ է տեղի ունեցել դեպքի հիմնական մասը: Արդյոք այդ վայրում, բացի դեպքի մասնակիցներից, եղե՞լ են այլ քաղաքացիներ եւ ի՞նչ վարքագիծ են նրանք դրսեւորել,

3.2 ո՞ւմ հրահանգով են ծեծի ենթարկվել Վահե Ավետյանը եւ մյուսները, մեղադրյալններից ո՞վ կամ ովքե՞ր են առավել ակտիվ եղել ծեծի ժամանակ,

3.3 “Հարսնաքար” ռեստորանի կալանավորված աշխատակիցների հեռախոսազանգերը առնչություն ունե՞ն դեպքի հետ եւ ու՞մ անուններն են նշվում,

3.4 ծեծի ժամանակ հայոյանքներ հնչել են, թե՞ ոչ, ի՞նչ առարկաներ եւ/կամ գործիքներ են օգտագործվել,

3.5 մեղադրյալների եւ նրանց հագուստների վրա եղե՞լ են ֆիզիկական ուժի, բռնության գործադրման հետքեր,

3.6 հատկապես ո՞վ կամ ովքե՞ր են Վահե Ավետյանին հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

4. Հանցագործության կատարման տեղանքներում կա՞ն տեսանկարահանման սարքավորումներ, որոնք արձանագրել են դեպքը: Եթե չեն պահպանվել տեսագրությունները, ապա ինչպե՞ս է դա բացատրվում:

5. Բացի Վահե Ավետյանից եւ նրա ընկերներից, ռեստորանը նույն ժամանակահատվածում այլ այցելուներ ունեցե՞լ է, ճշտվա՞ծ են այցելունների տվյալները: Ինչպես ռեստորանի այցելուները, այնպես էլ աշխատակիցները փորձե՞լ են սրահի ներսում կանխել միջադեպը, անհատապես ովքե՞ր:

6. “Հարսնաքար” ռեստորանի կալանավորված 7 աշխատակիցները ունեցե՞լ են աշխատանքային պայմանագրեր եւ այդ պայմանագրերով սահմանված եղե՞լ են նրանց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակը:

7. Ի՞նչ իրավական հիմքերով է ապահովվում “Հարսնաքարի” եւ ընդհանրապես  հանրային սննդի նմանատիպ օբյեկտների, դրանց աշխատակիցների ու հաճախորդների անվտանգությունը, ովքե՞ր են պատասխանատուները, ի՞նչ պահանջներ է սահմանված նրանց համար (նկատի առնելով այն հանգամանքը, որ “Մասնավոր պահնորդական գործունեության մասին” ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու միայն 2013թ. հունվարի 1-ից), արդյոք այդ անձինք կամ կազմակերպությունները ֆիզիկական ուժի, զենքի եւ հատուկ այլ միջոցների գործադրման իրավասություններ ունե՞ն եւ ո՞ր դեպքերում:

8. Արդյոք վարվում է հասարակական վայրերում պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց “թիկնազորի” մասնակցությամբ կատարված ծանր հանցագործությունների հաշվառում-վիճակագրություն: Մինչեւ այժմ քրեաիրավական ինչպիսի՞ պատասխանատվության ու պատժի են ենթարկվել մեղավոր անձինք:

9. Արդյոք համապատասխան առաջարկություններ մշակվե՞լ են “Հարսնաքար”-ում եւ նմանատիպ այլ հաստատություններում բռնության երեւույթները կանխելու, քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանություն իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ չէ արդյոք այդպիսի տարածքների տեղակայման եւ տարածքներում պարտադիր տեսանկարահանման սարքավորումների կիրառման եւ այլ պահանջներ սահմանելը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ պատրաստ ենք նաեւ հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ”:

Հ.Յ. Դաշնակցություն `  Ա. Ռուստամյան

Ժառանգություն ` Ռ. Հակոբյան

ՀԱԿ`     Ա. Մանուկյան”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ