ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը
Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արեւելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը եւ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ կատարվող աշխատանքները վկայում են ծրագրի կենսունակության մասին:
“Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում մտքեր փոխանակելու համագործակցության խթանմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ամփոփելու արդեն կատարվածը եւ ներկայացնելու սպասելիքները, ինչպես նաեւ մշակելու նոր ձեռնարկվելիք քայլեր:
Ինձ հաճելի է նշել, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել. 29 բանակցային գլխից 28-ը արդեն փակվել են եւ ընդամենը մեկ ոլորտին վերաբերող գլուխ է մնացել համաձայնեցնելու:
Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում Խորը եւ Համապարփակ Ազատ Առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում: Մեր նպատակն է մոտենալ դրանց ավարտական փուլին մինչ Վիլնյուսի գագաթաժողովը:
Մարդկանց միջեւ շփումները եւ շարժունակության խթանումը համագործակցության մեկ այլ կարեւոր բաղադրիչ են: Ես ուրախ եմ նշել, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը այժմ վերջնական տեսքի են բերված եւ առաջիկայում ակնկալում ենք դրանց ստորագրումը եւ վավերացումը”, – ասաց նախարար Նալբանդյանը:
Նախարարական հանդիպմանը համատեղ հայտարարություն ընդունվեց, որտեղ ընդգծվում էր, որ Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ փոխնախագահ, Բարձր Ներկայացուցչի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը լավ հիմք է հանդիսանում Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Պրահայի եւ Վարշավայի գագաթաժողովներում մշակված նպատակներով առաջնորդվելու համար: Նշվեց, որ 2013-ին կայանալիք Արեւելյան գործընկերության հաջորդ նախարարական հանդիպումը լավ առիթ կլինի դիտարկելու եւ նախանշելու ձեռնարկվելիք հետագա քայլերը:
Նիստից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի ու հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկվեցին Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման կազմակերպչական հարցերը, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի ժամանակացույցը:
Զրուցակիցներն անդրադարձան Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններին, քննարկեցին Հայաստան – ԵՄ փոխգործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:
Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները մանրամասն քննարկեցին երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, անդրադարձան երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության խթանման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման նպատակով համապատասխան քայլերի ձեռնարկմանը:
Բանակցություններին մտքեր փոխանակվեցին Հայաստան – ԵՄ հարաբերությունների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Դիդյե Ռեյնդերսի զրույցի ընթացքում արծարծվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը:
Բելգիայի արտաքին գործերի նախարարի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկեր Դիդյե Ռեյնդերսին հրավիրեց այցելել Հայաստան: