02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա գիտեն նաև «հետևողական» ՀՔԾ-ն ու սրտի դատախազը

«Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց:

Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց, որովհետև պարզվեց , որ նրա զենքով չի կատարվել սպանությունը:

Այս պատմությունը սկսվեց մեծ աղմուկով,  բայց  ավարտվեց՝ լուռ։  ՀՔԾ, դատախազություն, իշխանամետ լրատվամիջոցներ, իմքայլական պատգամավորներ լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Տակը դատարկ էր, ջուր, դեռ բան չկար, բայց ամեն ինչ ներկայացվեց որպես վերջին ատյանի ճշմարտություն։ 70-ամյա մարդուն առանց հիմքի սարքեցին մարդասպան։

Աղմուկի վերջին ակորդը, իհարկե, ժանրի կանոնների համաձայն,  պետք է խփեր վարչապետ Փաշինյանը։  «Սա նախ ցույց է տալիս ՀՔԾ-ի հետևողական աշխատանքը … ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել…»,- հայտարարել էր Փաշինյանը երկու ամիս առաջ: Ավելին, մոտ մեկ տարի առաջ էլ նա ասել էր, և կրկին հուզականության վիճակում, թե ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտվել է:

Հիման ի՞նչ. պարզվեց, որ ՀՔԾ-ն եթե անգամ հետևողական է աշխատում, ապա ոչ գործը իրականում բացահայտելու ուղղությամբ: Պարզվեց նաև, որ մարտի մեկի գործը չի բացահայտվել, այն էլ ամբողջ ծավալով:

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա մարդուն վարկաբեկելու, հանրությանը մոլորեցնելու,  զոհվածների ծնողներին կրկին խաբելու համար։ Չէ որ այդ գործին լծվել էր գործող ամբողջ իշխանությունը։

70 տարեկան մարդուն առանց հիմքի  խափանման միջոցը կալանք պահանջած ՀՔԾ-ն, դատախազը պետք է պատասխան   տան, թե՞ ոչ։ Իսկ առանց հիմքի 70 տարեկան մարդուն կալանք տված դատավորը պատասխան պետք է տա, թե՞ ոչ։ Թե նա արդեն յուրային է. վեթինգ անցած։ Իսկ կեղծ ցուցմունք տված ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, թե՞ դարձյալ ոչ։

Սրանք շատ կարևոր հարցեր են, որովհետև վաղը դարձյալ հնչելու են՝ Սիլվան պետք է պատասխան տա, թե՞ ոչ, վիկիլիքսի հերքված լուրի հիման վրա գործ սարքողները պետք է պատասխան  տան, թե ՞ոչ։

Ո՞ւր են իրավապաշտպանները. փափուկ տեղավորված ու ձկան նման լուռ։

Մարտի մեկի ամբողջ քրեական գործն է այսպես դրվագ առ դրվագ մեկը մյուսի հետևից փլվելու։ Սիլվայի ցուցմունքների վրա հորինված գործերն են մեկը մյուսի հետևից փլվելու։

Սա գիտեն ոչ միան բարձրակարգ  իրավաբանները, որոնք  վաղուց արդեն պնդում են, որ հարուցված քրեական գործերը «ջուր» են: Սա գիտեն նաև «հետևողական» ՀՔԾ-ն ու սրտի դատախազը։ Հետաքրքիր է, իսկ Գեղամ Պետրասանի ազատ արձակման լուրը ստանալիս վարչապետ Փաշինյանը դարձյա՞լ «էմոցիոնալ պահեր ապրեց» և դարձյա՞լ համարում է, որ իր ՀՔԾ-ն ու Դատախազը հետևողական են։

Մնալու է միայն նստվածքը և այն, որ մեր երկրի առաջ գնալու, փոփոխվելու փայլուն հնարավորությունը մենք մսխեցինք հորինված քրեական  գործերի ու անվերջ դատերի ճահիճում։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ