09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՊՎԾ գործը դատարան չի՞ հասնի․ 168.am

168.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)  պետգնումներով հեմոդիալիզի պարագաների և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեպքով «քնեցրած» գործում նոր զարգացումներ են սպասվում: Եվ դրանք կապված չեն նախաքննական փուլում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։

Իրականում իշխանության վերին օղակում քննարկվում է այս գործը հնարավորինս անաղմուկ  փակելու հնարավորությունները, իրավականով հարմար ելքեր են փնտրվում: Ավելին, խնդիր է դրված՝ գործը նախաքննական փուլում ավարտել և թույլ չտալ, որպեսզի հասարակական հնչեղություն ստացած քրեական գործը մտնի դատարան:  Իշխանության ներսից այս մասին  լուր փոխանցողը, իհարկե, շարունակում է պնդել, որ մասնավորապես Դավիթ Սանասարյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասով հսկայածավալ նյութեր է հավաքել ԱԱԾ-ն, ավելին, պնդում է նաև, որ կաշառք ստանալու որոշ դրվագներ, ըստ էության, հաստատվել են, ու դրանց մասով Սանասարյանը համոզիչ հակափաստարկներ չի ունեցել:

Ենթարաբար, խոսքը գործարարներից մեկին «տանիք կանգնելու», մեկ այլ դրվագով՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի բարձրաստիճան պաշտոնյային  մի քանի զանգով արած հովանավորչական միջնոդությունների մասին է, և գուցե այն կես միլիոն դոլարանոց գործարքի, որն իբր կանխվել է այն պահին, երբ ԱԱԾ-ն Սանասարյանին ամիսներով դիտարկելու շրջանում պարբերաբար զեկուցելիս նաև այս մասին է հայտնել վարչապետ Փաշինյանին, ու հենց այդ փուլում էլ որոշվել է քրգործը հարուցել՝ կանխելու հնարավոր գործարքը, որպեսզի հետագայում խայտառակ ծավալի կաշառքի փաստով գործ չբացահայտվի Նոր Հայաստանում, և հեղափոխական  իշխանությունը հանկարծ չվարկաբեկվի:

Մի կարևոր դիտարկում. թվարկված բոլոր դրվագների մասով Դավիթ Սանասարյանը  մշտապես հերքում էր, մինչդեռ նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը խուսափել է, որպես կանոն, մեկնաբանություն հնչեցնել՝ ասելով, թե  ուրիշների երևակայական տեսիլքները չի մեկնաբանում:

Սակայն ընդգծենք, ինչպես փաստաբանը, այնպես էլ Դավիթ Սանասարյանն ընդգծված խուսափում են մեկնաբանել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝  գործուն ազդեցության, ու  Սանասարյանի հետ նրա ունեցած «պերեպիսկայով պայմանավորվածության»  վարկածը (հեռախոսային գրավոր հաղորդակցության), որում, ըստ 168.am-ի աղբյուրի,  խոսուն փաստեր կան  հեմոդիալիզի գնումներում նախարար Թորոսյանի շահագրգիռ լինելու մասին:

Հիշեցնենք, հաջորդիվ մամուլում նաև արտահոսք եղավ, որ նախարար Արսեն Թորոսյանը ցուցմունք է տվել Դավիթ Սանասարյանի դեմ, նրանք առերեսվել են ԱԱԾ-ում, ինչին լրագրողների հետ զրույցում լղոզված արձագանքել էր  նախարարը:

Ինչ վերաբերում է 168.am-ի հրապարակմանը, որում լրագրողը հղում տալով ԱԱԾ իր աղբյուրին՝   նշում է, որ առկա է տեսանյութ, որտեղ ԱԱԾ-ն նկարահանել է  Դավիթ Սանասարյանին՝  կաշառք ստանալու  պահին, ու այն տրվել  է վարչապետին, Սանասարյանն ի պատասխան մեր հրապարակման՝ հիշեցնենք, հայտարարել էր. «Այն խմբագրությունը, որը կհրապարակի կաշառք վերցնելու տեսանյութ, այդ խմբագրությունում ձեռքս կկտրեմ:

Ի դեպ, 2019 փետրվար 26-ից ԱԱԾ-ում հարուցած ՊՎԾ գործով բազմաթիվ արտահոսքեր են եղել մամուլում, գուցե ուղղորդված, սակայն ԱԱԾ Արթուր Վանեցյանը մշտապես ցույց է տվել, որ անհանգստանալու պատճառներ չունի:

Եվ այս օրերին նեղ միջավայրերում շրջանառվող վերջին  թարմ ինֆորմացիան, որ իբր առնչվում է ՊՎԾ-ում պաշտոնավարած Դավիթ Սանասարյանի «օրինազանց վարքին»,  հիմնված նոր բիզնեսի մասին է: Խոսվում է, որ ընկերոջ հետ Դավիթ Սանասարյանն այդ շրջանում իր կենսական պայմաններն այնքան է լավացրել, որ վարձով ապրելուն զուգահեռ՝ բիզնես հիմնելու գործերի մեջ է ընկղմված եղել, ակտիվ  պայմանավորվածություներ է ձեռք բերել,  չի նշվում, սակայն, թե որ ոլորտում է ցանկացել ինքնադրսևորվել հեղափոխական պաշտոնյան:

Փորձեցինք նորից Ինեսսա Պետրոսյանից նախկինում հրապարակված դրվագների ու այս մեկի մասով մեկնաբանություն ստանալ, զանգերին չպատասխանեց: Փաստաբանն իրեն նկատելիորեն ապահովագրել է՝ իբր նախաքննական փուլից ելնելով, արտահոսք եղած բոլոր հանգամանքներին, այդ թվում՝ նախարար Թորոսյանի՝ գործում ներգրավվածության մասին զգուշանում է մեկնաբանություններ տալ: Միակ համառ հերքողն այս ընթացքում Դավիթ Սանասարյանն է եղել, նա առհասարակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը,  քրեական գործի ողջ կծիկը կարված գործ է համարում:

Ավելին, Դավիթ Սանասարյանն իր ակտիվ գրառումներում ակնարկում է իշխանության ներսում լուրջ տանդեմի մասին, հասկացնում է, որ «իրականում կարած գործով»  իշխանության ներսից իր դեմ պայքար է մղվում՝ չորոշակիացնելով, սակայն, շահագրգիռ անձանց շրջանակը:

Դավիթ Սանասարյանին վարչապետից մեկուսացնելու և առհասարակ իշխանությունից դուրս մղելու տարածված վարկածին՝  վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսից մեր որոշ աղբյուրներ  ոչ հրապարակային զրույցներում ավելի կոշտ մեկնաբանություն տվեցին:

Նախ, պնդում են, որ այսպես կոչված՝ «Սորոս»-ական թևին խփելու խնդիր չունեն, դա հորինված սցենար է, մյուս կողմից՝ Դավիթ Սանասարյանի անբասիր վարքի մասով հանձնարարված լռություն են պահպանում, որպեսզի այս փուլում, երբ կանխորոշված ելքեր են գծվում՝ ականխատեսելի զարգացումներ թույլ չտան:

Ասում են՝ արձանագրեք, որ Դավիթ Սանասարյանն ինքն էլ իրեն ցուցադրված ինչ-որ տեսանյութերից հետո խաղաղվել է:  Պայմանավորվածություն կա՝ լռություն պահպանել, հանձնարարվել է՝ առժամանակ  դուրս չգալ ասպարեզ և լրագրողների մոտ կուրծք ծեծելով անբիծ չձևանալ, խորհորդ են տվել առժամանակ զուսպ սպասել, մինչև որ երկկողմ ձեռնտու և իրավաչափ ելքեր կգտնվեն իրավապահների կողմից:

Ի դեպ, այս ամբողջ ինֆորմացիան փոխանցող անձը խորհուրդ տվեց հետևել Դավիթ Սանասարյանին ջատագով պաշտպան անձանց ֆեյսբուքյան վարքին, որոնք ևս խորհրդավոր լռություն են պահպանում՝ ճիշտ այնպես, ինչպես ԱԱԾ կալանավայրից դուրս եկած գործով մեղադրյալ  ՊՎԾ աշխատակիցները և Դավիթ Սանասարյանն անձամբ:

Այս ամենից պարզ է դառնում, որ իշխանությունն իսկապես վախենում է աղմուկից, գուցե պառակտման վերահաս վտանգ է զգում, և թերևս այդ պատճառով է, որ անաղմուկ ձևով այս սկանդալային քրգործը տանում է ինչ-որ հանգրվանի:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ գործն իսկապես կարված է եղել՝ կաշառքի անհամեմատ փոքր դրվագների վրա, և բացահայտումն  աղմկոտ սկանդալ դարձավ,  PR մոտիվներով  մատուցվեց, որպեսզի հեղափոխական իշխանության «անբասիր» կերպար ձևավորվի:

Հիշեցնենք, ընդգծվեց այն մեսիջը,  որ իշխանության ներսում գողացող ձեռքը բռնել են, չի կոծկվել:

Մյուս կողմից՝ սա լուրջ հարված էր իշխանությանը, Նոր Հայաստանում դեռ մի քանի ամիս պաշտոնավարած չինովնիկների ձգտումներն առաջին հիասթափության ալիքն առաջացրեցին հանրության շրջանում, ՊՎԾ բացահայտումով դեպքերը  ցույց տվեցին, որ փաստացի ոչինչ չի փոխվել, ուստի իշխանությանն այլ բան չէր մնում անել, քան դեպքի թմբկահարումով  ինքնապաշտպանվել նոր ռիսկերից, որպեսզի հեղափոխությամբ եկած չինովնիկներին սա դաս լինի, վարչապետը  թիկունքից նոր հարվածներ չստանա»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ