Մաքսային ծառայողներին ազատել են, որ յուղալի պաշտոններում յուրայիններին նշանակեն. 168 Ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը իր հերթական կամայականության արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանգնեցրել է դատարանի առջև: Երևանի վարչական դատարանը սեպտեմբերի 11-ին կքննի «Զվարթնոցի» մաքսատան նախկին պետի հայցն ընդդեմ ՊԵԿ նախագահի: Հայցվորը փետրվարի 11-ին պաշտոնանկ արված «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ Հայկ Ֆարմանյանն է։ «Զվարթնոցի» մաքսավորն իր ազատման հիմքերը անօրինական է համարում, պահանջում է վերացնել հիմքերը, վերականգնել իրեն աշխատանքի և փոխհատուցել հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար:
Ծառայության 13 տարվա աշխատակիցը, ով, ի դեպ, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համահեղինակներից է, ԵՊՀ-ում մաքսային վարչարարության ակադեմիական կրթության հիմնադիրն է համարվում, հեղափոխության ալիքի հերթական զոհն է դարձել «սևեր-սպիտակներ» պայքարի համատեքստում: Նշենք, որ Հայկ Ֆարմանյանը ՊԵԿ նախագահի դեմ հայցով դատարան դիմած միակ տուժած ծառայողը չէ, նույն ժամանակահատվածում զուգահեռաբար դատարան են դիմել ՊԵԿ ևս թվով 4 ծառայողներ, ընդ որում՝ առանցքային դեմքեր:
168.am-ին ներկայումս հայտնի դարձած անուները 2-ն են՝ Հասմիկ Ադամյանը, Ագաթա Վարդանյանը: Նրանք բոլորը, ըստ աղբյուրի, հարկադրաբար «կամովի» ազատման դիմումներ գրած մաքսային ծառայողներ են, բոլորին համակարգից դուրս են արել նույն ձեռագրով, և կադրային ռեզերվում եղած եռամսյա շրջանում երբևէ համաժեք այլ պաշտոն չի առաջարկվել:Նշենք, որ Հայկ Ֆարմանյանի դեպքում պաշտոնակության հիմքը հաստիքի կրճատումն է եղել, մոտիվացիան մատուցվել է ստանդարտ դարձած «կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությամբ»:
Սակայն վերակառուցման ջանքերը նոր ղեկավարությունը անզգուշորեն հետագայում չի տարածել նաև մյուս մաքսատների վրա, նոր մոդելը ներդրվել է բացառապես «Զվարթնոցի» մաքսատանը և, փաստորեն, հանուն այն բանի, որ ղեկավարող անձինք լքեն յուղալի պաշտոնները:
Ներսում ասում են՝ Հայկ Ֆարմանյանին ու մյուս ազատվածներին փորձել են զանազան մեթոդներով ճնշումների ենթարկել: Սկզբում «Զվարթնոցի» մաքսատան փաստաթղթավորման բաժնի պետ Ֆարմանյանին ու մյուս ծառայողներին բացեիբաց ասվել է, թե գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանը իր սեփական թիմն է ուզում հավաքել, «կլյուչևոյ պոստերում իր մարդիկ պիտի լինեն»: Ակնարկներից հետո որևէ մաքսավոր կամովի ազատման դիմում չի գրել, ղեկավարությունն անցել է նախազգուշացնող քայլերի, ծառայողները նորից անդրդվելի են մնացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին հարկադրանքը հոգեբանական ճնշումներն են եղել, մաքսատան պետ Անրի Վարդանյանը սկսել է բաժնի պետերին շրջանցելով՝ հանձնարարականներ իջեցնել, սակայն պետերը համառորեն շարունակել են դիմադրել հարկադրանքի նաև այս ձևին:
Եվ ահա 2018թ. սեպտեմբերից գործի դրված զանազան մեթոդներից հետո որոշվել է, ի վերջո, կառուցվածքային փոփոխության գնալ՝ միավորելով «Զվարթնոցի» մաքսատան փաստաթղթային հսկողության բաժինն ու գանձումների բաժինը: Հատկանշական է, որ մինչ օրս այդ կառուցվածքով Հայաստանի 5 մաքսատներից միայն այս մեկն է գործում, իսկ դա նշանակում է, որ մոդելն իսկապես փոխվել է հանուն մի բանի, որ պետի պաշտոնում յուրային նշանակվի: Համակարգի ներսում մինչ օրս գլխի չեն ընկնում՝ ի վերջո, ո՞ւմ համար էր այսքան ջանք թափվում, ո՞վ է նորեկ աղջիկը, որը ոլորտի հետ առնչություն չունի, սակայն մաքսատան պետ Անրի Վարդանյանն իր մարդն է համարում:
Ընդգծենք՝ Անրի Վարդանյանը «Զվարթնոցի» մաքսատան պետ է դարձել հեղափոխությունից հետո, թերևս, այն պատճառով, որ ՀՀ նախկին զինդատախազ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ դստեր ամուսինը, իսկ ՀԱԿ-ական Ջհանգիրյանը, ինչպես երևում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար միայն դաշնակից ու դատաիրավական համակարգի «գլխավոր բարեփոխիչը» չէ։
Բնական է, որ մաքսայինում հատկապես օդային դարպասներով փոխադրվող ապրանքների մաքսազերծման հետ գործ ունենալը, այն էլ՝ փաստաթղթային վերահսկողության ֆրոնտում, համարվում է ամենայուղոտ պաշտոններից մեկն այս ոլորտում: Բացի այդ, կա նաև վերահսկող աչքի գործոնը՝ սահմանային անցակետերում, սովորաբար, ՊԵԿ ղեկավարությունն իր համար յուրային հսկողներ է ընտրում:
Ուստի Հայկ Ֆարմանյանի դերակատարումն այս դեպքում ռիսկային էր դառնում համակարգի հեղափոխական տերերի համար: Մանավանդ, որ հեղափոխական ալիքով ՊԵԿ-ում մաքսային ոլորտը համակարգող դարձած Շուշանիկ Ներսիսյանը մինչ օրս ոլորտային իմացությամբ չի էլ փայլում:
Հիշեցնենք, մասնավոր սեկտորից միանգամից մաքսայինի պետ դարձած Շուշանիկ Ներսիսյանը (համակարգում նրան կոչում են «Նակոլկա Շուշո») իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում հաճախ է մամուլում ամենաընթերցված հոդվածների հերոսը դառնում: Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մտերմուհուն լրատվամիջոցները հիշատակում են ոլորտի օրենսդրությանը չտիրապետելու տարբեր առիթներով, դրոշի համար մաքսավորին աշխատանքից ազատելու սկանդալային դեպքով, որի ժամանակ, հիշեցնենք, Փաշինյանի վայրկենական բռնկումից անհարկի պատժվեց մաքսային շարքային ծառայողը։ Մինչդեռ գլխավոր մաքսավոր Շուշանիկ Ներսիսյանը խնայվեց, անգամ բանավոր նկատողություն չստացավ մաքսատանը՝ դրոշի հանդեպ իբր անհարգալից վերաբերմունքի համար:
Ավելի վաղ 168.am-ը գրել է Շուշան Ներսիսյանի «ոչ ստանդարտ» գործողությունների մասին, երբ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան, առանց իրավական հիմքեր ստեղծելու, որոշել էր իբր խրախուսող ժեստերով ընդառաջել գործարար միջավայրին՝ շրջանցելով օրենքը և մեծ վնաս հասցնելով ՊԵԿ արտաբյուջեին: Դեպքերը բազմաթիվ են, թվով երրորդ դեպքին 168.am-ը կանդրադառնա առաջիկա հրապարակումներում:
Հ.Գ. Ի դեպ, Հայկ Ֆարմանյանի հայցապահանջի մյուս հասցեատերը ՀՀ ֆինանսների նախարարությունն է համարվում, հետևաբար՝ սեպտեմբերի 11-ին դատարանում ներկայացված կլինի նաև Ֆինանսների նախարարության պաշտպանական կողմը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: