Իշխանությունների երկու «ճշմարտությունները». 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ։ Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»։
Այլ կերպ ասած չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն էլ կքննարկվի Վենետիկի հանձնաժողովում։
Որեւէ խնդիր Վենետիկի հանձնաժողով դիմելու մեջ, իհարկե, չկա, ինչպես եւ չկար այն ժամանակ, երբ ՍԴ-ն որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իրացնել իր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) եւ Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքն ու խորհրդատվական կարծիք ստանալ այդ հեղինակավոր կառույցներից։
Մի կողմ ենք դնում նաեւ այն հանգամանքը, որ, երբ իշխանություններին է պետք, Վենետիկի հանձնաժողովն անմիջապես դառնում է «վերին ատյանի ճշմարտություն», իսկ երբ նույն այդ հանձնաժողովն ասում է, որ ՍԴ-ն լեգիտիմ է, անդամ-դատավոր բառախաղն էլ՝ անիմաստ, այդ ժամանակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, բոլորին համոզում են, որ Վենետիկի հանձնաժողովը չի հասկանում անդամ-դատավոր եզրույթների տարբերությունը, ու առհասարակ Վենետիկի հանձնաժողովը, ինչպես իշխանությունների առանձին ներկայացուցիչներ են ասում, ի՞նչ մեղքս է։ «Մենք ավելի լավ գիտենք՝ ինչը ոնց է, Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ինչների՞ս է պետք»,– հաճախ կրկնում են նրանք։
Մի ուշագրավ հանգամանք կա Վենետիկի հանձնաժողովից Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ խորհրդատվական կարծիք ստանալու ձգտման մեջ, թեպետ նախարարը, երեւի թե, հասկանում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում խնդիրը ոչ միայն սահմանադրականության կամ առհասարակ օրենսդրական դաշտում է, այլ հասարակական ընկալման։ Այստեղ մի պարզ ճշմարտություն կա. հասարակությունը պատրաստ չէ ընկալել ու ընդունել Ստամբուլյան կոնվենցիան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում