“Դժվար ապրուստ”-ի դեմ բողոքի ակցիա կանեն
“Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի դեմ բողոքի ակցիա է նախաձեռնում: ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
“Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ:
Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:
Հաշվի առնելով այն փաստը, որ “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Դժվար ապրուստ” հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը:
Այս առիթով Հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվում է խոշոր հանրային միջոցառում: Միջոցառման ընթացքում հրապարակվելու են “Հասարակություն առանց բռնության” ՀԿ-ի կողմից իրականացված “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:
Հորդորում ենք զանգվածային լրատվական միջոցներին՝ ներկա գտնվելու այս հույժ կարևոր իրադարձությանը, ինչպես նաև հանրությանը տարածելու միջոցառման մասին տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ խրախուսում ենք ՀՀ ոչ անտարբեր քաղաքացիների մասնակցությունը՝ միասին բողոքի ձայն բարձրացնելու հեռուստասերիալներում ցուցադրվող բռնությունենրի վերաբերյալ:
Հասարակություն առանց բռնության ՀԿ”