ՀԱԿ ակտիվիստների դեմ դատավճիռը սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար. բողոքի ակցիա դատախազության շենքի մոտ
ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ ընթացքի մեջ է ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ՀԱԿ-ական երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին: Երիտասարդների դատավճիռը նրանք սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Դատարանի որոշումը ակցիայի մասնակիցները “խայտառակություն” են որակում եւ պահանջում.
“1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին
2. Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
3. Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների` Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռևս գտնվում է ՀՔԾ վարույթում։
4. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։
5. Պատասխանատվության ենթարկել կեծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց”:
Այս պահանջները մինչ ակցիայի մեկնարկը ակցիայի մասնակիցները տարածել էին ՀԱԿ ակտիվիստների ազատության պահանջով ստեղծված ֆեյսբուքյան խմբում: Նշենք, որ ակցիային մասնակցում են ոչ միայն ՀԱԿ երիտասարդներն ու պատգամավորները, այլեւ “Ժառանգության” երիթեւի, “Սարդարապատ” շարժման ներկայացուցիչները, իրավապաշտպաններ ու բնապահպաններ: Դատախազության շենքի մոտ իրենց պահանջները ներկայացնելուց եւ ելույթներից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել եմ ազատազրկման 6 տարի ժամկետով, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ անկարգությունների համար, ինչի արդյունքում խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը