23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուղղակի ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկում են, չկար հրահանգ՝ չկա քննարկում. Տիգրան Պասկևիչյանը՝ Հանրային հեռուստաընկերության խնդիրների մասին

«Ծառայո՞ւմ է հանրությանը Հանրայինը» թեմայով քննարկմանն այսօր նախօրոք հայտարարված կազմից ներկա էր միայն սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չէին ներկայացել:

Անդրադառնալով իր՝ քննարկմանը միայնակ մասնակցելու մասին լրագրողների դիտարկմանը, Տ. Պասկևիչյանը նկատեց, որ ակնկալում էր քննարկվող հարցի շուրջ լուրջ համախմբում. «Հուսով եմ՝ մի օր դա կլինի»:

Հարցին, թե արդյո՞ք մասնակիցներն ինչ-որ բանից վախեցել են ներկայանալ, պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին ուրիշների փոխարեն»:

Անդրադառնալով Հանրային հեռոստաընկերության խնդիրներին ու դրանց պատճառներին՝ հրապարակախոսը, ով 1990-92 թվականներին եղել է Հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, մի քանի պատմական դրվագներ հիշեց.

«Մինչև 2000 թվականը Հանրային հեռուստատեսությունը պետական հեռուստատեսություն էր՝ ժառանգված խորհրդային ժամանակաշրջանից: Այն իր բոլոր ենթաճյուղերով, տրամաբանությամբ՝ սովետական կառույց էր, և մեր նպատակն էր՝ փոխել ինչ-որ ձևով, ժամանակը կարճ էր, հնարավորություն չեղավ փոխելու:

Այն ժամանակ ևս կար որոշակի ճնշում հեռուստատեսության վրա, իշխանության մեջ կային թևեր, և այդ թևերը, և մյուս կողմից էլ՝ արդեն նոր ձևավորվող ընդդիմությունը, ամեն կերպ ճնշում էին հեռուստատեսությանը: Ասեմ՝ դա մի գայթակղություն է, որը կարելի է վերացնել համակարգային լուրջ փոփոխություններով: Այսօր ևս Հանրային հեռուստատեսությունը, որը ստեղծվել է 2000 թ., ստեղծվել է ու զարգացել է Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ճարտարապետությամբ, շարունակում է մնալ նույն կառույցը և շարունակում է առիթ տալ իշխանության տարբեր թևերի, տարբեր մարդկանց նման գայթակղությունների»:

Հարցին, թե արդյո՞ք նման իրավիճակ չկար 90-ականներին, բանախոսը պատասխանեց, որ այն ժամանակ էլ վիճակը փայլուն չէր, և պետությունը շահագործում էր, բայց այն պետական էր, իսկ 2000 թվականից կառույցը հանրային հռչակվեց, ինչը նշանակում էր՝ որոշակի անկախություն:

Անդրադառնալով իր վերջին՝ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին ուղղված բաց նամակում հեռուստաընկերությանն առնչվող խնդիրների արծարծմանն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանը, Տիգրան Պասկևիչյանը նկատեց, որ խնդիրն անձնական չէ, Արա Շիրինյանն իր 30 տարվա ընկերն է, 24 տարի միասին են աշխատել, իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող լինել անձնական խնդիր, քանի որ մի քանի անգամ է առիթ ունեցել հանդիպելու նրան և անձամբ չի ճանաչել.

«Ես, ընդունելով Արա Շիրինյանի առաջարկը՝ դառնալ իր խորհրդականը, մտա և սկսեցի ուսումնասիրել այդ համակարգը: Եվ համակարգն ուսումնասիրելով՝ հանգեցի այն եզրակացության, որ, այո՛, պետք է փոփոխությունները սկսել վերևից՝ փոխել ղեկավարին, ղեկավար կազմը, իսկ մնացածը ձևավորել մրցույթների միջոցով, ինչպես որ ընտրվել էր Ռադիոյի տնօրենը»:

Նա լրագրողներին ներկայացրեց նաև որոշ առաջարկներ ու նախաձեռնություններ, որոնց փոքր մասը մասամբ իրականացվել էին: Նա անդրադարձավ նաև Հանրային հեռուստաընկերության հաստիքացուցակին, բյուջեին և պայմանագրերին՝ նշելով, որ աշխատանքի ընթացքում տպավորություն է ստացել, որ հաստիքացուցակը բավականին ուռճացված է, աշխատավարձերն անհամապատասխան են, և այլն:

«Հեռուստաընկերության վրա կա՞ն ճնշումներ» հարցին անդրադառնալով՝ նա նշեց, որ ճնշում չկա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Իսկ արդյո՞ք այսօր հեռուստաընկերությունն ուղիղ վերևին է ենթարկվում՝ հարցին Տ. Պասկևիչյանը պատասխանեց.

«Այս հարցով դիմեք Պետրոս Ղազարյանին: Այդ բոլոր ենթաբաժինները, կառուցվածքային միավորներն ինձ համար գոնե փակ են եղել, իմ բոլոր հարցերը մնացել են անպատասխան կամ պատասխանվել են ոչ ըստ էության: Կարևոր հարց եք բարձրացնում, բայց տվեք Պետրոս Ղազարյանին»:

Ըստ Տ. Պասկևիչյանի՝ Հայաստանում խոսքն ու մամուլը միշտ են ազատ եղել, բայց ազատ չի բովանդակությունը.

«Այդ խոսք ու մամուլը չունեն բովանդակություն: Այս ամբողջ բանավեճը նրա մասին է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է օժտվի բովանդակությամբ:

Թե չէ՝ ով ինչի մասին ուզում՝ խոսում է. Հանրային հեռուստաընկերությունը 15 տարի հետո հաղորդում է անում և քննարկում է Հյուսիսային պողոտայի խնդիրները: Ասում ես՝ ինչ են անում, ասում է՝ իրավունք չունե՞նք խնդիրները քննարկելու: Ուղղակի պարզապես ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկում են. չկար հրահանգ՝ չկա քննարկում»:

Հիշեցնենք, որ օրերս Տիգրան Պասկևիչյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Նա պատճառների մասին գրառումներ էր կատարել ֆեյսբուքյան իր էջում ու բաց նամակում՝ «Բաց նամակ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին և ոչ միայն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ