Եթե Քոչարյանին կալանավորելու հիմքեր լինեին, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար չէր լինի. Հայկ Ալումյան
Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ եւ հիմքեր, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն նրանք բոլորը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ եւ հիմքեր, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ, որպեսզի պարոն Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվի, սակայն այդ դաշտում նրանք վաղուց տանուլ են տվել եւ բոլորի համար պարզ է, որ նրանց մոտ չստացվեց ապացուցել թե՛ պարոն Քոչարյանի մեղադրանքը եւ թե՛ առավել եւս պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Դա է պատճառը, որ իրենք ավելի եւ ավելի հաճախ սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների, ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինում գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն իրենք ունեն: Տանուլ տալով իրավական դաշտում՝ նրանք Հանրապետության վարչապետի հետ միասին ստիպված եղան այդ աննախադեպ ակցիան ձեռնարկել` փակել Հայաստանի բոլոր դատարանները` ահաբեկելով դատավորներին»,- ասաց փաստաբանը:
Ալումյանի խոսքով` մինչ այդ իշխանությունները ստիպված էին դատավորների վրա առանձին ձեւով ճնշում գործադրել, «Ինչպես օրինակ դեռ անցյալ տարվա հուլիսին ԱԱԾ տնօրենը ստիպված էր դատավորի հետ էսպես ասած «բացատրական աշխատանքներ» տանել, որպեսզի այդ դատավորը կալանավորի Քոչարյանին»:
«Դուք ի՞նչ եք կարծում, եթե պարոն Քոչարյանին կալանավորելու հիմքեր լինեին, արդյոք ԱԱԾ տնօրենը ստիպված պիտի լիներ այդքան երկար ու բովանդակալից աշխատանքներ տարած լիներ դատավորի հետ ու վերջում էլ ամփոփելով, թե գործի նյութերին ծանոթացի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս: Արդյոք եթե ամեն ինչ լիներ օրինական կամ օրինականության ինչ-որ մի տարր պարունակեր, արդյոք իրենք ստիպված էին լինելու էս եղանակներով հաշվեհադար տեսնել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ եւ դատավորների նկատմամբ էս ամեն ինչը կիրառելով, արդյոք իրենք մեսիջ չեն ուղարկում մյուս դատավորներին, ովքեր ապագայում պարոն Քոչարյանի գործը քննելու կլինեն»,- հավելեց նա: