15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու խոսք անցուդարձից

Մեկ ամիս է, ինչ  Henaran.am-ը արձակուրդում էր:  Որպես ընթերցող հետեւելով մեր գործընկերների աշխատանքին, հասկացանք, որ ամառը լրատվական դաշտում էլ էր արձակուրդային. ինչպես մեր դաշտում ընդունված է ասել` նյութերը հաճախ մի կերպ “սարքված” էին:

Ցավոք, դժբախտ լուրերի պակաս չեղավ. ինքնասպանություններ, վթարներ: Հանկարծամահ եղավ Սուրեն Սիրունյանը: Հոր մահվան լուրը լսելով նրա դուստրը` Դիանան ինքնասպան եղավ: Ինչպես միշտ սրանք էին կարդացվող նյութերը: Տարբեր մասնագիտության մարդիկ գրեցին, թե հերիք է լրատվական կայքերը լցնել նման տեղեկություններով:

Նրանք հորդորեցին ու առաջարկեցին նման թեմաներին չանդրադառնալ: Հասարակության մի մասն էլ գտնում է, որ դրանք էլ են հետաքրքրում ընթերցողին եւ այդ մասին չգրելը կնշանակի գրաքննություն: Քաղաքական դաշտի նորությունը Վանո Սիրադեղյանի “լռության ուխտի” խախտումն էր:

Նա արձագանքեց իր մահվան մասին լուրերին:  Հիշեցնենք, որ “Ֆեյսբուք” սոցկայքում ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն Վանոյի վերադարձի, իսկ թերթերից մեկը գրել էր, որ Վանոն մահացել է: “Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն:

8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա՝ պարզապես չեմ մտածում: Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում”,-իր պատասխան նամակում գրել էր Սիրադեղյանը:

Մինչ Վանոյի հարցը չէր իջնում սոցկայքերի թոփ քննարկումներից,  ՀՀԿ-ն հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է ԲՀԿ թեկնածուին: Սրան հետևեց ԲՀԿ հայտարարությունը, որ ՀՀԿ-ին նրանք չեն պաշտպանելու, դեռ ավելին, ասացին, որ վարչապետի հրաժարականն են պահանջում:

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու թեման էլ օրակարգում է: Տարբեր տեսակետներ հնչեցին, արդյո՞ք սեպտեմբերին Հայրապետյանը պնդելու է իր հրաժարականը, որոշ մտավորականներ կոչ արեցին նրան հրաժարվել այդ մտքից:

Մարզաշխարհի պատասխանատուների հրաժարականների հարցը բարձրացվեց 30-րդ օլիմպիական խաղերից հետո. հայ մարզիկների արդյունքները մեղմ ասած գոհացուցիչ չէին:  Խաղաղության խորհրդանիշ Օլիմպիական խաղերը նույնիսկ չազդեցին Սիրիայում տեղի ունեցող հակամարտություն վրա: Սիրիահայ ընտանիքները շարունակում են ժամանել Հայաստան: Նշենք, որ ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ:

Հայկական ֆուտբոլն էլ ուրախալի պահեր չպարգեւեց երկրպագուներին: Հայաստան-Բելառուս ընկերական խաղում մերոնք պարտվեցին:

Ընդդիմությունը հանգիստ էր, եթե հաշվի չառնենք այն, որ Արարատ Զուրաբյանը իր համակիրների հետ լքել է  “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը: Թերեւս այսքանը: Առջեւում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, աշնանային նստաշրջանը կսկսի Ազգային ժողովը: Henaran.am-ը շարունակելու է աշխատել եւ ընթերցողին տեղեկացնել աշխարհի տարբեր մասերում կատարվող իրադարձությունների մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ