07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին. ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Behörden Spiegel-ին

Գերմանական «Behörden Spiegel» ամսագրի 2019թ. հուլիսյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող ամսագիրը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցի հակիրճ թարգմանությունը: Ամսագրի հուլիսյան համարի էլեկտրոնային ամբողջական տարբերակը հասանելի է հետեւյալ հղումով:

«Պետք է հետեւի տնտեսական հեղափոխությունը

«2017թ. Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Համընդհանուր եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է այս տարվա ապրիլի 4-ին: Այս պահին արդեն ԵՄ 11 երկրներ են վավերացրել այն: Սա մեզ համար շատ կարեւոր փաստաթուղթ է, քանի որ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում ակնկալվում է ԵՄ-ի հետ խորացված եւ ընդլայնված համագործակցություն»,- նշել է դեսպանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ սերտ կապեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք ցանկանում ենք պահպանել ռազմավարական այս հատուկ գործընկերությունը Ռուսաստանի հետ: Այս առումով Հայաստանը կարող է որպես կամուրջ հանդես գալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի անկախությունից ի վեր սերտանում են վերջինիս հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում: Մենք նաեւ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ: Մեր քաղաքականությունը հենվում է ոչ թե «կամ, կամ», այլ «եւ՛, եւ՛» սկզբունքի վրա: Սա մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է: Հայաստանը միակ երկիրն է, որ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ՝ միաժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ», հավելել է դիվանագետը:

Գերմանիան առաջին երկրներից էր, որ դեռ 1991թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: «Երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում եւ ընդլայնվում են: Հագեցած քաղաքական օրակարգ, մի շարք բարձրաստիճան երկկողմ այցեր, որոնք նպաստել են քաղաքական երկխոսության զարգացմանը: Մի կողմից, մշակույթի, կրթության եւ գիտության, մյուս կողմից, խորհրդարանական, քաղաքական եւ քաղաքացիական հասարակության ոլորտներում համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, եւ ես հպարտ եմ դրանով»,- ընդգծել է Սմբատյանը:

Գերմանիան հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերներից մեկը, եւ նրա երրորդ ուժեղագույն առեւտրային գործընկերն է ամբողջ աշխարհում: Դեսպանը մեծ ներուժ է տեսնում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման մեջ. «Կարծում եմ, որ սա երկարաժամկետ առումով օգտակար է երկու երկրների համար»:

2018թ. տարվա երկիր

Հոդվածագիրը նշել է. Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքը ստացավ ձայների ավելի քան 70%-ը: Վարչապետը նշեց, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հետեւի տնտեսականը:

«Դա դյուրին չէ իրականացնել»,- նշել է Սմբատյանը՝ հավելելով,- «այդ իսկ պատճառով կառավարությունը պայքար է մղում օլիգարխիայի եւ կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ՝ քայլեր իրականացնում լիարժեք իրավական պետության ձեւավորման ուղղությամբ: Խորհրդարանում իշխող ուժը իրականացնում է բարեփոխումներ, որոնք երբեմն կարող են նաեւ ցավոտ լինել»:

Նախորդ տարի «The Economist»-ը Հայաստանը ճանաչել է 2018թ. տարվա երկիր: Սրա պատճառը մեծ առաջընթացն էր դեպի ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն: «Ես կարող եմ այս պահին Ձեզ հավաստիացնել, որ մենք կշարունակենք այն ճանապարհով, որը մենք ընտրել ենք, նույնիսկ եթե դա ոչ միշտ հեշտ լինի: Դրան հասնելու համար մենք կարիքն ունենք եւ կարեւորում ենք ԵՄ կառույցների հետ համագործակցությունը»:

Եվրոպայի վերջին փակ սահմանը

Անդրադառնալով Հայաստան – Թուրքիա հարաբերություններին Աշոտ Սմբատյանը նշել է. «Հայաստանն ավելի քան տասը տարի առաջ փորձեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որի արդյունքում ստորագրվեցին այսպես կոչված «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք այդպես էլ Թուրքիայի կողմից չեն վավերացվել: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ցավոք, մեր պատրաստակամությունը, կարծես թե, բավարար չէ, որպեսզի Թուրքիայի կառավարությունը բացի Եվրոպայի վերջին փակ սահմանը: Թուրքիայի ներկայիս կառավարությունը թելադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման անընդունելի նախապայմաններ եւ պահում Հայաստանը շրջափակման մեջ, ինչը հակասում է իրավահավասար ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունների բոլոր կանոններին»:

Եվ ինչպիսի՞ն են Ադրբեջանի հետ կենսունակ փոխզիջման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում:

Գտնել բոլորի համար ընդունելի լուծում

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է միայն խաղաղ ճանապարհով կարգավորվի: ԼՂ բնակչության անվտանգությունը եւ Արցախի կարգավիճակը առանցքային առաջնահերթություն են ներկայացնոււմ: Այստեղ խոսքը 150․000 մարդկանց մասին է»:

«Այդ պատճառով է նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Կարեւոր է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության, Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ: Պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին»,– նշել է ՀՀ դեսպանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ