25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՀՀ Արտգործնախարարությունը պետք է պահանջի, որ Մինսկի խումբը ևս հերքի Մամեդյարովի հայտարարությունները». Պաշտպանության նախկին փոխնախարար

Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ,  որտեղ համանախագահներն արձանագրելով վերջին կորուստները՝ հորդորել էին կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։ Նրանք նաև կոչ էին արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից։

Համանախագահների հայտարարությունից հետո, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ    Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին՝ հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»: «Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,- ասել էր Մամեդյարովը:

Չնայած ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնապես հերքեց Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը,այս բոլոր հայտարարությունների վերաբերյալ հնչում են տարաբնույթ կարծիքներ, նախ՝ Մինսկի խմբի կողմից չի հիշատակվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ Մինսկի խումբը լռում է, ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք այս ամենը վտանգավոր չէ։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։

– Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, Ադրբեջանի արտգոծնախարարը Բաքվում նշել էր, որ  Արցախի համակարտության լուծումը պետք է լինի փուլային:   Ըստ նրա՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին՝ հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»։ ՀՀ արտգործնախարարությունը հերքեց այս հայտարարությունը, Ձեր կարծիքով՝  ինչո՞ւ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ այդ հայտարարությամբ։

– Կարծում եմ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական հայտարարությունն է արել ներքին լսարանի համար: Երեկ էլ Ալիևն էր իր ռազմատենչ ոգին ցուցադրել: Դրանք նորություններ չեն: Խնդիրը հիմա մեր իշխանությունների կողմից Արցախի խաղաղ կարգավորման հարցում վարվող քաղաքականությունն է, որը խառնաշփոթի  է վերածել նախկինում եղած հստակությունները:

– Կարծիքներ են հնչում, որ ՀՀ արտգործնախարարությունից բացի՝ Մամեդյարովի հայտարարությունը պետք է հերքեն նաև Մինսկի խմբի համանախագահները, նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Այո, մեր ԱԳՆ-ն պետք է պահանջի, որ ԵԱՀԿ ՄԽ ևս հերքի Մամեդյարովի հայտարարությունները, եթե, իհարկե, այն իրականություն չէ:

– Վաշինգտոնյան հանդիպումից հետո, Մինսկ խմբի համանախագահների  տարածած պաշտոնական հայտարարության մեջ  կրկին բացակայում էր Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին։ Այս պայմանավորվածությունները մոռացության մատնելն ի՞նչ հնարավորություն է տալիս Ադրբեջանին և ի՞նչ վտանգներ կարող է սպառնալ Հայաստանին։

– Այդ մասին շատ ենք խոսել: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները ծնվել են 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո, որի նպատակը  հրադադարի խախտումներն արձանագրելն ու դրանց հետաքննության մեխանիզմներ ստեղծելն է: Ադրբեջանը, բնականաբար, դժկամությամբ է ընդունել դրանք, և հետագայում ամեն կերպ փորձել է խուսափել դրանցից: Հիմա տպավորություն է, որ մերոնք հետևողական չեն այդ հարցում, ինչն ինքնին սխալ է: ԵԱՀԿ ՄԽ բոլոր հայտարարությունները պարտադիր պետք է մատնանշեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները: Դրանք որոշ իմաստով կաշկանդում են Ադրբեջանին ԵԱՀԿ ՄԽ առջև՝ խաղաղ կարգավորման գործընթացից շեղումների համար: Մենք տեսանք, որ Դուշանբեում բանավոր համաձայնությամբ ստեղծված, այսպես կոչված, ուղիղ կապն ուղղակի չի աշխատում, իսկ սահմանին հրադադարը խախտող ադրբեջանական զենքերի տրամաչափերն ու հաճախականությունն աստիճանաբար աճում է: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչման անհրաժեշտության մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները նախկինում թեկուզ լիարժեք չէին ապահովում հրադադարը շփման գծում, սակայն բանակցային գործընթացում Հայաստանին մեծ հնարավորություն էր տալիս ԵԱՀԿ ՄԽ-ի և այլ շրջանակներում ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման միջազգային ջանքերը ձախողելու և ԵԱՀԿ ՄԽ կոչերն անտեսելու վրա:

– Մինսկի խումբը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ օգտագործել հաստատված ուղիղ կապը՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Ուղիղ կապի առակայությունը որքանո՞վ կարող  է նվազեցնել սահմանային լարվածությունը, Ադրբեջանի դեպքում հնարավո՞ր է հույսը դնել ուղիղ կապի առկայության վրա։

– Այսպես կոչված, ուղիղ կապը նախկինում էլ տարբեր ժամանակներում եղել է, սակայն դրանք երբեք արդյունավետ չեն եղել: Կողմերի համար դրանք կարող են կոնկրետ իրավիճակներում որոշ խնդիրներ լուծել կամ չլուծել: Դա երկարատև ու կայուն հրադադարի երաշխիք չէ և չի կարող լինել: 25 տարիների ընթացքում հարաբերական հրադադարը պահպանվել է ուժային և արտաքին քաղաքական-դիվանագիտական գործոնների հաշվին: Հակամարտության կարգավորման գործընթացում դրանք հավասարազոր նշանակություն են ունեցել: Դրա համար ենք մենք ասում, որ ԵԱՀԿ ՄԽ-ում մեր ձեռքբերումներն ու ամրագրված պայմանավորվածություններից շեղումը թուլացնելու է քաղաքական-դիվանագիտական գործոնի ազդեցությունը հետագա փուլերում: Ադրբեջանի հետ ուղիղ պայմանավորվածությունները եթե վստահելի լինեին, ապա, հավատացեք, վաղուց արդեն խնդիրը լուծված կլիներ:

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ