23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժամն է գործելու

Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները, տարածելով ապատեղեկատվություն եւ վտանգելով հայ համայնքի ապահովությունը:

Այս օրհասական ժամին, քաղաքական խակ կարծիքներ աջ ու ձախ սփռելու փոխարեն, Սփյուռքը պետք է կենտրոնանա սիրիահայերին շուտափույթ անհրաժեշտ մարդասիրական աջակցություն տրամադրելու վրա:

Ողջունելի է, որ հայկական կազմակերպությունները դրամահավաք են ձեռնարկել` Սիրիայում հայերի կարիքները բավարարելու նպատակով: Ավելի առաջ գնալով, որոշ երկրներում, սոցիալական, կրոնական եւ քաղաքական կազմակերպությունները համատեղ մարմիններ են ստեղծել անհրաժեշտ օգնությունը համակարգված ձեւով հավաքելու համար: Հուսով ենք, որ այդ խմբերը շուտով հանդես կգան հայտարարությամբ` սիրիահայերի կոնկրետ կարիքների, հավաքվելիք գումարի եւ այդ միջոցների բաշխման մեխանիզմների վերաբերյալ:

Համասփյուռքային կառույցի բացակայության պատճառով, որը կներկայացներ աշխարհասփյուռ բոլոր հայերին եւ կզբաղվեր նրանց հավաքական խնդիրներով, այժմ յուրաքանչյուր համայնք փորձում է ձեւավորել իր սեփական միացյալ մարմինը: Որոշ դեպքերում, միեւնույն համայնքում մեկից ավելի միասնական մարմիններ են ստեղծվել` յուրաքանչյուրը մի կոնկրետ խնդրով զբաղվելու համար: Ավելորդ կրկնություններից խուսափելու համար նախընտրելի է յուրաքանչյուր համայնքում ձեւավորել մեկ միասնական մարմին, որը կունենա առանձին խնդիրներով զբաղվող իր ենթահանձնախմբերը:

Բացի այդ, երկու այլ համահայկական մարմիններ կարող են վճռական դեր խաղալ այս հումանիտար ճգնաժամում` մեկը Սիրիայից դուրս, իսկ մյուսը` երկրի ներսում, որին կհանձնարարվի բոլոր աղբյուրներից եկող մարդասիրական օգնության համակարգումն ու բաշխումը.

1. Սիրիայից դուրս գտնվող մարմինը, որը դեռ չի ձեւավորվել, կհամակարգի ոչ միայն Սփյուռքից եւ Հայաստանից ստացվող օգնությունը, այլեւ, որն ավելի կարեւոր է, օժանդակություն կապահովի կառավարություններից, միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) եւ ոչ կառավարական կազմակերպություններից:

2. Սիրիայում նորաստեղծ համահայկական մարմնի կազմի մեջ մտնում են հայկական բոլոր կրոնական եւ բարեգործական կազմակերպությունները: Նրա պարտականությունների մեջ են մտնում համայնքի կարիքների մասին արտաքին աշխարհին տեղեկացնելը, դրսի օգնության ստացումը եւ դրա բաշխումը ամբողջ երկրի հայերին:

Սիրիայի հայ համայնքի հսկայածավալ կարիքների համապարփակ գնահատում դեռ չի կատարվել, սակայն արդեն իսկ պարզ է, որ միլիոնավոր դոլարներ են պահանջվելու հազարավոր կարիքավոր ընտանիքների սննդի, ջրի, բուժօգնության, վառելիքի, էլեկտրաէներգիայի, եւ  անապահով ուսանողների ուսման վարձի  համար: Չափազանց կարեւոր է, որ այդ օգնությունը բաժանվի նաեւ այն բոլոր մարդկանց, որոնք ապրում են  հայկական թաղամասերում կամ դրանց հարեւանությամբ` անկախ նրանց էթնիկական կամ կրոնական պատկանելությունից:

Նման համաշխարհային լայնամասշտաբ դրամահավաք իրականացնելու համար “Հայաստան” համահայկական հիմնադրամը պետք է մտածի իր այս տարվա հեռուստամարաթոնը սիրիահայերի օգնությանը նվիրելու մասին: Խոշոր կազմակերպություններին եւ բարերարներին պետք է խնդրել, որպեսզի առատաձեռն նվիրատվություններ կատարեն` Սիրիայում հայկական պատմական ներկայությունը պահպանելու համար, որտեղ հայերը հաստատվել էին ցեղասպանությունից դարեր առաջ: Համահայկական հիմնադրամն արդեն իսկ ձեռնարկել է իր առաջին քայլը` հատուկ բանկային հաշիվ բացելով Երեւանում` Սիրիայի համար նվիրատվություններ խնդրելու նպատակով, որտեղ մինչ այժմ հավաքվել է 50 հազար դոլար: Այս գումարը ծախսվել է Հալեպից Հայաստանի ամառային ճամբարներ հարյուրավոր երեխաների տեղափոխման համար:

Պետք է անհապաղ միջոցներ հայթայթել` Հայաստան ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխված սիրիացիների բնակարանային եւ կենցաղային ծախսերը հոգալու համար:  Այժմ պահը չէ վիճելու այն դժվար երկընտրանքի մասին, թե նրանց պետք է օգնել, որ մնան Սիրիայում, թե հեռանան այնտեղից, քանզի նրանց գոյությունը վտանգված է: Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել սիրիահայերի ցանկություններն ու դատողությունները եւ աջակցել նրանց անձնական որոշումներին: Վերջիվերջո, երբ նրանց կյանքը վտանգի տակ է, նրանց նախընտրությունը չպետք է կասկածի տակ առնվի: Նաեւ ժամանակը չէ դատողություններ անել սիրիահայ ապաստանյալներին Հայաստանի կառավարության կողմից հատկացված օգնության որակի կամ քանակի մասին: Նման գնահատականներ կարելի է տալ ավելի ուշ, երբ փոթորիկը հանդարտվի:

Վերջապես, չնայած ֆինանսական աջակցությունն այս պահին առավել հրատապ է, սակայն հավասարապես կարեւոր է սիրիահայերին ուղերձ հղել այն մասին, որ նրանք միայնակ չեն այս օրհասական պահին: Սիրիահայերը պետք է զգան, որ բոլոր հայերը եւ այլ բարի մարդիկ մեծապես մտահոգ են նրանց բարեկեցության մասին եւ հնարավոր ամեն ինչ անում են նրանց փրկության համար:

Նման հուսատու եւ հոգատար ուղերձը էական նշանակություն ունի ոչ միայն սիրիահայերի, այլ նաեւ համայն հայության համար: Որեւէ մի համայնքի ցավը պետք է կիսեն բոլոր հայերը`  շտապ օգնության ձեռք մեկնելով տուժած համայնքին, որովհետեւ նրանք բոլորը մի մեծ ընտանիքի զավակներն են: Փոխադարձ օժանդակության այս ոգին պետք է բոլոր համայնքներին վստահություն ներշնչի, որ դժբախտության պահին, նրանց չեն թողնի բախտի քմահաճույքին:

Հաշվի առնելով Սիրիայում հայերի այս ծանր իրավիճակը, եկեք մի կողմ թողնենք բոլոր այլ քննարկումները եւ շտապ աջակցենք նրանց:

 

Հարութ Սասունյան`
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ