Լավ, էս «իշխող կուսակցության» մեջ հե՛չ մարդ չկա՞․ 7or.am
Հիշո՞ւմ եք, երբ «թավշյա ռնգեղջուրացման» զոհ չդարձած մեր հայրենակիցներն ահազանգում էին, որ դեկտեմբերյան ընտրական ավանտյուրայի արդյունքում «ընտրված» խորհրդարանում ընդդիմությունը վերացել է, որպես դասակարգ` բոլորը «հեղափոխականներ» են, քայլարածներն ասում էին`մեր ներսում բազմակարծության այնքան պաշար կա, որ իշխանությո՛ւնն էլ մենք կլինենք, ընդդիմությո՛ւնն էլ։
Ոմանք միամտորեն կարծում էին, թե իշխող «կուսակցության» մեջ էլ կան Հայաստանի, Արցախի վաղվա օրով մտահոգ մարդիկ, որոնք չեն կարող չընդվզել հայկական երկու պետությունների ապակայունացմամբ շահագրգիռ ուժերի ուղղորդմամբ եւ իրենց «ֆյուրերիկի» թեթեւ ձեռքով երկրում ստեղծված քաղաքական, իրավական ու բարոյահոգեբանական բեսպրեդելի դեմ։
Ավաղ, այդ լավատեսությունն անհիմն էր։ Ի դեմս «Իմ քայլը» կամ, որ նույնն է, Քաղպայմանագիր կոչեցյալ տձեւ, գաղափարազուրկ, ապաքաղաքական, ամորֆ գանգվածի՝ գործ ունենք դասական «մեկ մարդու կուսակցության հետ», որտեղ բոլորը նույն բանն են մտածում, եթե, իհարկե, ընդհանրապես մտածում են։ Ինկուբատորից դուրս եկած անդեմ արարածներ, որոնք թութակի պես նույն բանն են կրկնում`նույն ստանդարտ ձեւակերպումներով եւ առարկություն չընդունող ռոբոտային շեշտադրումներով։
Երկմտանքի եւ ո՛չ մի նշույլ։ Ո՛չ մի կասկած, որ ժողովուրդը իրե՛նք են, եւ միայն իրենք` քայլարածներն ու իրենց ծափահարողները։ Իսկ նրանք, ովքեր ունեն սեփական կարծիք եւ իրենց նեղ «մտահորիզոնի» մեջ չեն տեղավորվում, ժողովուրդ չեն` ներքին թշնամիներ են, որոնց պետք է «սաղմի մեջ» խեղդել, ոչնչացնել` առանց հետ նայելու։ Որպես հեղափոխական «Նոր Հայաստանում» հաստատված համատարած «սիրո եւ համերաշխության» առհավատչյա։
Որ լուսավոր ապագա կառուցելու միակ երաշխիքը աշխարհի ամենաձախողակ, քաղաքացիական պատերազմներից, զանգվածային ռեպրեսիաներից եւ սպանություններից, անհաղթահարելի ներքին տարաձայնություններից բզկտված երկրներում փորձարկված «անցումային արդարադատություն» մտցնելն է եւ դատական համակարգն իշխանության անվճար հավելված դարձնելը։
Որ կարելի է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր, եւ հաջորդ օրը ինքնահռչակվել ՍԴ նախագահ։ Որ դատավորներին «վեթինգի տակ թողնելու» սպառնալիքով որոշումներ պարտադրելը, վարչապետի կոչով 10-15 հոգանոց գրոհայինների խմբեր կազմելն ու դատարաններն արգելափակելը ժողովրդավարության բաստիոնին վայել «իրավաքաղաքական» գործընթաց է։
Որ Հայաստանի թիվ մեկ ներքին թշնամին Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահ`«միջազգային մակարդակի ահաբեկիչ» Ռոբերտ Քոչարյանն է, որին ազատության մեջ թողնելը մահվան համարժեք մի բան է. Արցախի հերոսներից մեկին «ցմահ» փակելը, մյուսին` մահվան դուռը հասցնելը «հանրային պահանջ» է, որի դեմ խաղ չկա։
Որ արցախյան թնջուկը «լուծելու» եւ Ադրբեջանի հետ քիրվայական հարաբերություններ հաստատելու միակ ձեւը «թավշյա հեղափոխություն» չեղածը Արցախ արտահանելը եւ Արցախում գրպանային դրածո իշխանություն ձեւավորելն է. որպեսզի հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի չէ ասել Ադրբեջանի «պապենական հողերը» հայկական «օկուպացիոն ուժերից» ազատելու նկրտումներին։
Որ տխրահռչակ Բոլթոնի պլանին հլու-հնազանդ`Ռուսաստանի հետ «հորթուբորթ» անելը, հանրապետության երկրորդ նախագահին այցելելու համար ՌԴ դեսպանին արտգործնախարարություն կանչելը եւ բացատրություններ պահանջելը հայ-ռուսական փայլուն հարաբերություները պսպղուն դարձնելու ամենակարճ ճանապարհն է։ ԵԽԽՎ պատվիրակության իմքայլական ղեկավարի`«տեխնիկական պատճառներով» Ռուսաստանին Եվրախորհուրդ վերադարձնելու բանաձեւին դեմ քվեարկելը, իշխանական մեկ այլ պատգամավորի`անհայտ հանգամանքների բերումով քվեարկությանը չմասնակցելն էլ քաղաքական դեմարշ չէ ռազմավարական դաշնակցի նկատմամբ. պարզ թյուրիմացություն է, որ հեշտությամբ կարելի է հարթել` «մերձեցման երեկո» կազմակերպելով ռուս գործընկերների հետ։
Որ… Որ… Որ… Ո՞ր մեկն ասենք։
Քայլարածների խմբակցության կողմից միաձայն` օվացիաներով, բուռն, երկարատեւ ծափահարություններով ընդունվող հակապետական դրսեւորումների ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց այսքանն էլ բավական է։
Սա անհասկացողության հետեւանք չէ`դավադրություն է ժողովրդի դեմ, որը հանդուրժել նշանակում է խաչ քաշել 30 տարվա մեր պատմության, հաղթանակների, պետության եւ պետականության վրա…