Էկոլոգիական հասարակական դաշինքն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել “GeoProMining Gold” ընկերության նկատմամբ
Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`”GeoProMining Gold” ՍՊԸ- -ի “Սոթքի ոսկու բացահանք” նախագծի ՇՄԱԳ-ում տեղ գտած ջարդիչ- տեսակավորման տեղամասի վերաբերյալ: Նամակում ասված է. “Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին
Հասարակական կազմակերպությունների մեկնաբանությունները եւ առաջարկությունները “Սոթքի ոսկու բացահանք” նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ, որը հուլիսի 30-ին Սոթք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ ներկայացրել է “GeoProMining Gold” ՍՊԸ-ն:
1. Սոթք գյուղում անցկացվեցին “GeoProMining Gold” ՍՊԸ-ի ներկայացրած եւ “Լեռնամետալուրգիայի ինստիտուտ” ՓԲԸ-ի մշակած “Սոթքի ոսկու բացահանք” նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ հասարակական լսումներ: ՇՄԱԳ-ում ներառված է ջարդիչ – տեսակավորման տեղամասի հատվածը, որն արդեն իսկ կառուցված է առանց նախագծային փաստաթղթերի առկայության, առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության, առանց համայնքի համաձայնության, որը 2011թ. ապրիլին գրավոր անհամաձայնություն հայտնեց համայնքի վարչական սահմանում ջարդիչ- տեսակավորման տեղամասի տեղադրման կապակցությամբ, առանց հողերի օտարման համար թույլտվության:
2. Ջարդիչ-տեսակավորման տեղամասը վերամշակող արտադրության մաս է, այլ ոչ` հանքաքարի արդյունահանման, ինչպես դա պնդում է “GeoProMining Gold” ընկերությունը: Հետեւաբար վերամշակող արտադրության տեղադրումը Սոթքում, հակասում է “Սեւանա լճի մասին” ՀՀ օրենքին` հոդված 10, քանի որ սպառնում է Սեւանա լճի էկոհամակարգին:
3. Ջարդիչ – տեսակավորման տեղամասի աշխատանքի հետեւանքով 2011-2012թթ. ընթացքում մանրացված դատարկ ապարների քանակը, որոնք պարունակում են ծանր մետաղներ եւ տոքսիկ միացություններ` մկնդեղ, վանադիում, ծարիր եւ այլն, զգալիորեն աճել է: Այդ թափոնները լցված են Սոթք գյուղի վարչական տարածքում, Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ ճանապարհի երկարությամբ:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` առաջարկում ենք.
– Ջարդիչ – տեսակավորման տեղամասի հատվածն առանձնացնել առանձին նախագծով, որը պետք է նորից անցնի բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացի բոլոր փուլերը
– Չնայած հարկ է նկատել, որ “Ջարդիչ – տեսակավորման սարքը»-ի վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից թե դրական, թե բացասական եզրակացություն տրամադրելու դեպքում էլ այն չի բխի օրենքի պահանջից, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների ցանկում որևէ դրույթ նախատեսված չէ, որ այդ սարքի գործածումը հանքանյութերի արդյունահանում է և վերամշակում: Այս կապակցությամբ տարբեր մասնագետների մոտ տարբեր կարծիքներ են ձևավորվել, մի մասը գտնում է, որ դա վերամշակող սարք է, իսկ մյուս մասը` չի գտնում:
– Այդ իսկ պատճառով, առաջարկում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարության և գիտահետազոտական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ ձևավորվի հանձնաժողով, որը կտա մասնագիտական հիմնավորում, ըստ որի «Ջարդիչ – տեսակավորման սարք»-ի գործածումը դա հանքանյութերի արդյունահանում է և վերամշակում, հետևաբար օրենքի ուժով պարտադիր պետք է անցնի բնապահպանական փորձաքննության: Իսկ, եթե պետական լիազոր մարմինը քննարկման առարկա դարձնի այս հարցը, ապա “Սևանի մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդ. պահանջի հիման վրա միանշանակ պետք է տրամադրի բացասական եզրակացություն, որ այդ սարքի գործածումը հիշյալ տարածքում արգելվում է, քանի որ այն բացասական ազդեցություն է թողնելու Սևանա լճի և նրա էկոհամակարգի վրա:
– Ջարդիչ տեսակավորման տեղամասի կառուցումն ու գործունեությունը ճանաչել անօրինական, քանի որ դա ոչ թե նախատեսվող, այլ առանց թույլատրող փաստաթղթերի իրականացված գործունեություն է, ինչը հակասում է “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքին, որպես վերմշակող արտադրություն այն հակասում է “Սեւանա լճի մասին” ՀՀ օրենքին
– Ջարդիչ – տեսակավորման տեղամասի կառուցման եւ գործունեության վերաբերյալ տեսչական ստուգումներ անցկացնել, որոշել հողի եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի վրա մանրացված արտադրական թափոնների ազդեցության չափը, խախտումների մասին ակտ կազմել, Ակտի համաձայն` “GeoProMining Gold” ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Ս. Ադամյան”: