Իշխանափոխության հարց քննարկվե՞լ է
՛՛Հանդիպման մասին ինչ ասվել է, դա էլ եղել է, ավելացնելու ոչինչ չունեմ: Դա որոշում կայացնելու հանդիպում չէր, դա ուղղակի մտքերի փոխանակության, իրավիճակի վերլուծության հանդիպում էր՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ որ որոշում ընդունվել է երեկ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Վերջինս նշեց, որ իրենք պարբերաբար են նման հանդիպումներ կազմակերպում:
Հարցին, թե ինչու ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ՀՅԴ-ից որևէ մեկը չէր մասնակցում հանդիպմանը, եթե քառյակի հետ կապված հարցեր էին քննարկվում, նա պատասխանեց. ՛՛Մենք բազմաթիվ անգամ երկկողմանի հանդիպումներ ենք արել, և որևէ խնդիր չի եղել՝ ինչու նրա հետ, մյուսի հետ: Մենք առանձին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ենք հանդիպել, ՛՛Դաշնակցության՛՛ հետ էլ ենք հանդիպել, հանդիպումներ միշտ եղել են՛՛:
Հարցին, թե իսկ իշխանափոխության հարց քննարկվե՞լ է, Մարգարյանն արձագանքեց. ՛՛Ինչ հայտարարել ենք, դա էլ եղել է՛՛:
Ստեփան Մարգարյանը նաև ընդգծեց, որ եթե հարց առաջանա, ապա քառակողմ հանդիպում և կլինի:
Հիշեցնենք, որ ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից `Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: