Մարիխուանան անդառնալի հետեւանքների է հանգեցնում
Մարիխուանայի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել մտավոր ունակությունների անվերադարձ նվազման` հասուն տարիքում IQ գործակիցը նվազեցնելով 8-10-ի, ինչպես նաեւ բացասաբար ազդել ուշադրության կենտրոնացման եւ հիշողության վրա: Դյուքի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր սկսել են մարիխուանա ծխել 18-ից հետո, նման ախտանիշեր չեն դիտարկվում, քանի որ նրանց ուղեղն արդեն անցել է ձեւավորման եւ զարգացման բոլոր փուլերը: Իսկ ահա մինչ չափահաս դառնալը սկսել եւ նույնիսկ հրաժարվելը վնասակար սովորությունից առողջական վիճակը չի բարելավում:
Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են 1972-73 թթ-ին ծնված 1037 երեխաների վիճակը: Գիտնականները դիտարկել են նրանց ծնված պահից մինչեւ 38 տարեկանը: Նրանց 5 տոկոսը կախվածություն է ունեցել մարիխուանայից կամ ծխել է այն շաբաթական առնվազն մեկ անգամ` դեռեւս անչափահաս տարիքում: Հասուն տարիքում գիտնականներն ստուգել են նրանց հիշողությունը, ինֆորմացիայի ընկալման արագությունը, մտածողությունը եւ դիտողական ընկալումը: Արդյունքում պարզվել է, որ վաղ տարիքից մարիխուանա ծխողների ցուցանիշները զգալիորեն ցածր են եղել նրանցից, ովքեր սկսել են ծխել չափահաս տարիքում կամ ընդհանրապես չեն ծխել: Երիտասարդները նույնիսկ մոռանում են այն բաները, որոնք ծրագրել էին անել օրվա ընթացքում:
Ավելի վաղ նույն եզրակացության էին եկել նաեւ Սան-Պաուլուի համալսարանի գիտնականները: Նրանք հայտարարել էին, որ դեռահաս տարիքում մարդու ուղեղն ավելի է հակված ենթարկվել մարիխուանայի նեյրոտոքսիկային ազդեցությանը: