23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարելի՞ է այլևս աչք փակել այս ծայրահեղ հակաիրավական արարքների վրա․ Բաբայանը՝ Գրիգորյանին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը facebook-ի իր էջում գրել է․ «Երեկ, ինչպես հիշում եք, հրապարակեցի 20 հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է տրվեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, եթե մենք ունենայինք ուժեղ խորհրդարան: Ժանրի կանոնները հուշում են, որ հարցերից հետո անհրաժեշտ է պատգամավորը ելույթ ունենա այդ հարցի առնչությամբ, ուստի՝ ներկայացնում եմ ելույթ, որը կրկին ուժեղ խորհրդարանում պետք է հնչի ԱԺ պատգամավորի կողմից:

Ելույթ

Պարոն Գրիգորյան, 2018 թվականի փետրվարի 17-ին iLur.am–ին տրված հարցազրույցում Դուք կարծիք եք հայտնել այն մասին, որ (մեջբերում եմ)՝ «փաստացի, ՀՀԿ-ն իր արբանյակների օժանդակությամբ Հանրապետության 4-րդ նախագահ ընտրելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը սահմանափակել է, դրանով օժտելով ինքն իրեն, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ նույնիսկ կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության հարցում, ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ առանց որևէ այլ քաղաքական ուժի օժանդակության «ընտրել» Հանրապետության 4-րդ նախագահին:

Այլ խոսքով, սա ծրագրված, քայլ առ քայլ իրականացված ծայրահեղ հակասահմանադրական գործունեություն է, որի նպատակը եղել է քաղաքացիների կողմից Հանրապետության4-րդ նախագահի՝ պետության գլխի ընտրության իրավունքը, որը փաստացի ժողովրդի իշխանության մասն է՝ ուղղակիորեն յուրացնելը:

Այս հակասահմանադրական գործունեությունը ունի կոնկրետ անվանում՝ իշխանության յուրացում, որը Սահմանադրությամբ նախատեսված միակ հանցագործությունն է: և այն նկարագրված է Սահմանադրության անփոփոխելի հոդվածով՝ 2-րդ հոդվածի 3-րդ մաս: Սա՝ ՀՀԿ-ի, դրա ղեկավարի և որոշում կայացրած այլ անձանց հակասահմանադրական և հանցավոր մտադրությունների մասով:

Եվ, եթե Հայաստանը երբևէ նույնիսկ հարաբերականորեն անկախ դատական համակարգ ունենա, ՀՀԿ գործունեությունը պետք է արգելվի, իսկ այս արկածախնդրության մասնակիցները, եթե այն հանգի իր տրամաբանական ավարտին, պետք է քրեական պատասխանատվություն կրեն իշխանության յուրացման համար: Իսկ այս հանցագործությունը չպետք է ունենա վաղեմության ժամկետ, հաշվի առնելով դրա հանրային վտանգավորությունը և Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված լինելով՝ դրան հատկացված կարևորությունը:» (մեջբերման ավարտ):

Պարոն Գրիգորյան, նշանակու՞մ է դա, արդյոք, որ Հանրապետության 4-րդ նախագահը պետք է պաշտոնանկ արվի կամ նրա ընտրության վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը պետք է Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի հակասահմանադրական և անվավեր, իսկ մեղավորները, այդ թվում՝ Ձեզ առաջադրած Հանրապետության նախագահը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ձեր այս ծայրահեղ կտրուկ հայտարարությունները այս դեպքում ոչ թե քաղաքական, այլ հենց իրավական, մասամբ՝ քրեաիրավական որակումներ են, և Դուք բաց տեքստով և հստակ պնդում եք, որ Ձեզ առաջադրած մարմինը հակասահմանադրական է և անհրաժեշտ է անցկացնել Հանրապետության նախագահի ուղղակի ընտրություններ՝ պատժելով մեղավորներին և արգելելով ՀՀԿ-ի գործունեությունը:

Եթե հետ չկանգնեք Ձեր այս, կրկնում եմ, զուտ իրավական գնահատականներից, ինչն այլ որակման հիմք կծառայի, այդ հանձնառությունը Ձեր մասով ինչպե՞ս եք կատարելու՝ որպես Սահմանադրությամբ կոպտագույն խախտմամբ ընտրված մարմնի կողմից առաջադրված ՍԴ դատավոր, և արդյո՞ք եթե Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով պարզվի, որ Դուք ճիշտ չէիք, պատրաստ եք հրաժարական տալ և ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար:

Ընդհանրապես, որպես ՍԴ դատավոր, սա՞ է լինելու Ձեր սկզբունքային մոտեցումը՝ Հանրապետության նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և ՀՀԿ-ն արգելելու հարցում, թե՞ փոխելու եք այն: Կաշկանդվածություն ունե՞ք հետևողական լինելու առումով, թե Ձեր նույնիսկ իրավական գնահատականները կարող են մերկապարանոց հայտարարություններ լինել, որոնցից հեշտությամբ հրաժարվելու եք՝ առանց նույնիսկ մեկ խղճի խայթի:

Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Ձեր այս հայտարարությունը իրավապահ համակարգի մոտ անպատասխան մնացել, ու՞ր է սահմանադրական կարգի պահպանության գործառույթ ունեցող մեր ԱԱԾ-ն, ինչու՞ իշխող կուսակցության մեծամասնությունը չի դիմում ՍԴ՝ Հանրապետության նախագահի հարցով, ինչու՞ ձեր մտերիմ և ընկեր ՀՔԾ պետը դեռ քրեական գործ չի հարուցել, ինչո՞ւ Ձեր հետ շար մտերիմ վարչապետի ղեկավարած Կառավարությունը կամ Ձեր ընկեր ԱԺ խոսնակի կողմից համակարգվող Ազգային ժողովը դեռևս չեն դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ն այսպիսի բիրտ հակասահմանադրական արարքի համար արգելելու հարցով: Որոշ չափով օգտվելով Ձեր լեքսիկոնից՝ սահմանադրական կարգի նկատմամբ նման ոտնձգությունների հանդեպ անտարբերությունն արդյոք ծայրահեղ ցինիզմ և անգամ հանցագործություն չէ, երբ այդ պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով չձեռնակելով անհրաժեշտ քայլեր Հանրապետության նախագահին պաշտոնից հեռացնելու, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն նոր ընտրություններ կազմակերպելու, այդ հակաիրավական և հանցավոր արարքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը, սեփական քմահաճույքները նրան պարտադրելը, այդ թվում՝ Ձեր առաջադրումը, այսինքն, կարելի՞ է այլևս աչք փակել այս ծայրահեղ հակաիրավական արարքների վրա՝ էժանագին քաղաքական դիվիդենտների և իշխանության գերկենտրոնացման համար, և ՍԴ-ում ֆանատիզմի հասնող հետևողականությամբ Նախագահի միջոցով տեղավորել մեկին, որն ասում է, որ ընտրված Նախագահ չկա, իսկ հետո նրա կողմից առաջադրվում և առնվազն 88 ձայնով գործուղվում է ՍԴ:

Ամոթ է, հետ կանգնեք այս քայլից, և մի փոքր հետևողական եղեք: Այսպե՞ս եք Դուք գործունեություն ծավալելու ՍԴ-ում, Ձեր հայտարարություններով արդեն հեղինակազրկել եք Նախագահին, Ձեր ընտրությամբ հեղինակազրկելու եք վարչապետին և ԱԺ մեծամասնությանը, փոխանակ հետևողականորեն հետամուտ լինեք Ձեր կողմից բարձրացված լրջագույն թվացող իրավական հարցերի լուծմանը:

Եթե Դուք էլ հրաժարվեք Ձեր պնդումներից, ես կասեմ` ի լուր վարչապետի, իմ գործընկերների և ի լուր հատկապես բոլոր իրավապահ մարմինների հայտարարում եմ՝ կամ իրավական գնահատական տվեք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի այս հայտարարություններին, կամ նրան քրեական պատասխանատվության կանչեք սուտ մատնության համար, իսկ Ձեր հնարավոր և կանխատեսելի անգործության համար ամբողջ պատասխանատվությունը կրելու եք այլևս նաև դուք»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ