Ես ոչ մեկից, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել. Սամվել Դարբինյան
Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը այսուհետ անձամբ չի պատասխանելու լրատվամիջոցների հարցերին: Լրատվամիջոցներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ Սամվել Դարբինյանի լիազորած անձի միջոցով:
“Լրագրողները իմ պատասխանները իրենց ուզածի պես են մեկնաբանում, դրա համար էլ ես ոչ մեկի հետ չեմ ուզում խոսել”,- Henaran.am-ին այսօր ասաց Սամվել Դարբինյանը, երբ փորձեցինք Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղել գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածուին:
Այսինքն, վախենում եք, որ Ձեր ասածը ԶԼՄ-ները կխեղաթյուրե ՞ ն: Henaran.am-ի այս դիտարկմանը Վանաձորի գործող քաղաքապետն արձագանքեց.”Ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել: Որեւէ մի լրատվության որեւէ հարցի չեմ պատասխանելու”:
Այսուհանդերձ, Սամվել Դարբինյանից հետաքրքրվեցինք, թե Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված մյուս 4 թեկնածուներից ո՞ ւմ է իր հիմնական մրցակիցը համարում:
“Բոլորն էլ, եթե մտածել են, որ կարող են քաղաքապետի թեկնածու դառնալ, մրցակիցներ են հիմնական ու անհիմն չկա”,-ասաց պարոն Դարբինյանը: Մեր մյուս հարցին, թե վստա՞հ է, որ հաղթելու է առաջիկա ընտրություններում, Վանաձորի գործող քաղաքապետը պատասխանեց.”Իհարկե հաղթելու եմ , դա ես չեմ ասում, դա ժողովուրդն է ասում”: