23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ անելու ենք, որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սասուն Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր խորհրդրաանում լրագրողների հետ ճեպազրույցում Մարտի 1-ի քրեական գործի առանձնացված մասի ու դրանով անցնող այլ հնարավոր մեղադրյալների վերաբերյալ հարցերին պատասխանելիս պարբերաբար վկայակոչում էր նախաքննության գաղտնիության հանգամանքը և շատ հարցերի ուղղակի չէր պատասխանում:

 

«Թե ի՞նչ կարգավիճակով կհարցաքննվեն, ե՞րբ կհարցաքննվեն, այդ հարցերին խնդրում եմ չպատասխանել», – հայտարարեց Սասուն Խաչատրյանը։ 

Անդրադառնալով նույն գործի առանձնացված մասով ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքին, ինչը առաջին անգամ է այս քրեական գործի շրջանակներում, Խաչատրյանը ասաց. «Դուք էլ համոզվեցիք, որ սպանության հետ կապված աշխատանքները շարունակվում են ակտիվ։ Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»:

Հիշեցնենք, որ Մարտի մեկի քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանությունը, և դատարանի որոշմամբ նա օրերս կալանավորվել էր:

Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։

Հարցին՝ արդյոք Գեղամ Պետրոսյանն ընդունո՞ւմ է իր մեղքը, Սասուն խաչատրյանն արձագանքեց, որ Պետրոսյանն այս պահին ցուցմունք չի տալիս։

Սասուն Խաչատրյանը վստահեցրեց՝ ՀՔԾ-ն ունեցել է բոլոր հիմքերը Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար։

«Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է, դրա առկայության դեպքում է միայն հնարավոր անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Դատարանը խափանման միջոց կիրառելիս՝ հատկապես կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կալանք կիրառելու հիմնավոր պայման՝ հիմնավոր կասկած, և խափանման միջոցի հիմք՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը։ Դատարանը գտել է, որ առկա է և պայմանը՝ հիմնավոր կասկածը և հիմքը, այսքանից ավելի ոչինչ չեմ ցանկանում ասել», – ասաց Խաչատրյանը՝ պնդելով, որ կա ապացույցների բավարար համակցություն։

Մեր հարցին՝ արդյոք նշված ապացույցների մեջ կա՞ զենքը, որի միջոցով Պետրոսյանը կրակել է Զաքար Հովհաննիսյանին, Խաչատրյանն արձագանքեց.

«Ես այդ հարցերին չեմ ցանկանում հիմա պատասխանել, բայց որ կա ապացույցների բավարար համակցություն, դա ակնհայտ է»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Գեղամ Պետրոսյանը խոստովանել է, որ պարկուճները փոխվել են, կեղծվել են ապացույցները, Խաչատրյանը պատասխանեց.

«Չեմ ցանկանում մեկնաբանըել, բայց կարող եմ ասել, որ բաց աղբյուրներում այդ մասին տեղեկատվություն կա, որը ես չեմ հերքում»:

Մյուս հարցին, թե որքանո՞վ է բանակը ներգրավված եղել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ի՞նչ է ցույց տալիս ցուցմունքների ուսումնասիրությունը, Սասուն Խաչատրյանը դարձյալ կրկնեց, որ չի ցանկանում ցուցմունքների բովանդակությունից խոսել։

«Բայց որքանով ինձ հայտնի է տուժողների, իրավահաջորդների ներկայացուցիչներն այդ մասին բարձրաձայել են, բաց աղբյուրներում այդ տեղեկությունները կան, ես դրանք չեմ հերքում», – ասաց նա։

ՀՔԾ պետը նկատեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում բարդություններ կան, ի վերջո` տասը տարի է անցել, ինչի ընթացքում «բազմաթիվ իրեղեն ապացույցներ են կեղծվել»:

«Բայց ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն», – հայտարարեց Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ