22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այբ» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նախաձեռնություն

«Այբ» ակումբի բարերարները, հիմնադիրներն ու անդամները հանդես են եկել «Այբ» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նախաձեռնությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«2018 թվականի դեկտեմբերի 23-ին «Այբ» ակումբի անդամների մի մասը ընդունեցին, այսպես կոչված, «որոշում ինքնալուծարման մասին»։ Ուսուցիչներին, ծնողներին, աշակերտներին, «Այբ» հիմնադրամի աշխատակիցներին և, առանց չափազանցության, ամբողջ հասարակությանը հուզում է, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել և ի՞նչ է սպասվում առջևում։ Մեր խումբն ակտիվորեն դեմ դուրս եկավ ակումբի լուծարմանը՝ փորձելով հակազդել «ինքնալուծարման» համառ քարոզչությանը, սակայն մեր փաստարկները չլսվեցին:

Բավականին ժամանակ է անցել, և մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր կազմակերպեցին ակումբի լուծարումը և փաստացի դարձան այդ «ինքնալուծարման» շահառուները, դիտավորյալ խեղաթյուրում են ակումբի փլուզման պատճառներն ու նպատակները։ Ելնելով վերանշյալից՝ մենք որոշեցինք հանդես գալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ և «Այբ» համայնքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտնել մեր ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ, որը հետևյալն է․ «Այբ» ակումբի, այսպես կոչված, «ինքնալուծարումը» պլանավորված և նպատակաուղղված փլուզում էր՝ համատեղ ստեղծված ակտիվների անվերահսկելիորեն կառավարման նպատակով։

«Այբ» հիմնադրամի այն հիմնադիրները, ովքեր կողմ են քվեարկել «Այբ» ակումբի «ինքնալուծարմանը», էական պատասխանատվություն են կրում «Այբ» ակումբի լուծարման համար, մի կառույցի, որը ձևավորում էր Հիմնադրամի կառավարման մարմինները և որը վերահսկում էր Հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը բարերարների համայնքի անունիցից: Փաստորեն, «Այբ» ակումբի «ինքնալուծարումից» օգտվողները դարձան «Այբ» հիմնադրամի հիմնադիրները:

«Այբ»-ը համազգային նշանակություն ունեցող հասարակական նախագծից վերածվեց բիզնես ծրագրի, որը, եթե նման դեպքերին բնորոշ սովորական դեմագոգիան հանենք, վերահսկվում է մարդկանց նեղ շրջանակի կողմից, որոնք հետապնդում են իրենց քաղաքական և/կամ ընչասիրական նպատակները: «Այբ» հիմնադրամը և դրա ծրագրերը «Այբ»-ի որոշ հիմնադիրների և ղեկավարության որոշ ներկայացուցիչների համար դարձել են անձնական հարստացման և PR-ի աղբյուր, կարիերայի կառուցման միջոց:

«Այբ» ակումբի լուծարմանն ուղղված առավել ակտիվ գործունեություն է ծավալել «Այբ» հիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ լուծարքի գլխավոր շահառու Մեսրոպ քահանա Արամյանը: Ինչպես հայտնի է, «Այբ»-ը հսկայական թվով բարերարներ է ունեցել։ «Այբ» ակումբի անդամները մյուս բարերարներից տարբերվում էին նրանով, որ նրանք ոչ միայն իրենց սեփական միջոցներն էին ներդրել «Այբ»-ի նախագծերի մեջ, այլև հանձ էին առել երկարաժամկետ պարտավորություններ՝ վճարում էին բավականին մեծ գումարներ՝ որպես տարեկան անդամավճար (որոնցից էլ ֆինանսավորվում էր Հիմնադրամ կառույցը), մասնակցում էին «Այբ» դպրոցի շրջանավարտների համար նախատեսված մենթորության ծրագրին, ներդնում էին իրենց ժամանակը կոմիտեներում, ընտրական և կառավարման մարմիններում աշխատանքի մեջ, և այս ամենը անհատույց։

Ըստ էության՝ ակումբը մի յուրօրինակ «խորհրդարան» էր, կառավարման բարձրագույն մարմին, որն ընտրում և/կամ նշանակում էր «Այբ»-ի ողջ գործադիր ղեկավարությունը, հանդես էր գալիս «Այբ» համայնքի և ողջ հասարակության առջև որպես «Այբ»-ի փիլիսոփայության հիմքում ընկած բարձրագույն բարոյական սկզբունքների իրականացման երաշխավոր: «Այբ» հիմնադրամի նպատակներն, ըստ Կանոնադրության 2-րդ գլխի, հետևյալն են∙ «բարձրորակ, բազմաբևեռ, օրինակելի կրթական միջավայր ստեղծել Հայաստանում, նպաստել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը և կատարելագործմանը, աջակցել դպրոցականներին և երիտասարդներին ուսման հարցում և իրենց կարիերայի զարգացման գործում, [ապահովել] կրթական ոլորտի կազմակերպությունների աշխատակիցների օժանդակումը և նրանց շահերի պաշտպանումը»:

Հիմնադրամի շահառուները, ըստ Կանոնադրության 3-րդ գլխի, հետևյալն են∙ «Դպրոցականները և երիտասարդները, Կրթական ոլորտի հաստատությունները և դրանց աշխատակիցները, Կրթական ոլորտի զարգացմանը նպաստող, կրթական ոլորտի աշխատակիցներին օժանդակող, դպրոցականներին և երիտասարդներին աջակցող կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և դրանց աշխատակիցները»։ Սակայն գործնականում, նենգափոխվեցին Հիմնադրամի թե՛ նպատակները, թե՛ շահառուները։ Այս նպատակով կոպտորեն խախտվում էին կառավարման նորմերը և բարոյական սկզբունքները։

Հետևանքը եղավ այն, որ սկսեցին թաքցնել ֆինանսական տեղեկատվությունը, չբարձրաձայնել խնդիրները, վճարել անհամաչափ աշխատավարձեր ու վարձավճարներ, առանց մրցույթների ծառայություններ գնել, շրջանցելով ընթացակարգերը, «իրենց» մարդկանց աշխատանքի ընդունել, ինչպես նաև անել ավելի փոքր, բայց մեր առաքելության տեսանկյունից ոչ պակաս կոպիտ այլ խախտումներ: Այս փոփոխությունների մեկ այլ տխուր հետևանքն էլ դարձավ դաստիարակության և կրթության որակի անկումը:

Ժամանակին «Այբ» համայնքի համընդհանուր ջանքերով զարկ տրվեց «Այբ» դպրոցը ստեղծմանը։ Համախմբեցինք հրաշալի մասնագետներ, զարմանահրաշ երեխաներ, ներդրեցինք նորագույն մեթոդներ, որպեսզի դառնանք առաջադեմ լուծումների դարբնոց, որը կծառայեր կրթական ողջ ոլորտին և ողջ հասարակությանը: Իսկ փոխարենը ի՞նչ ունենք այսօր: Ուսուցիչներին դուրս են հանում միմյանց դեմ, տնօրենը բամբասանքներ է տարածում, առհամարական վերաբերմունք է դրսևորվում ծնողների նկատմամբ, աշակերտներին անհիմն հեռացնում են դպրոցից, վախի և պաշտոնապաշտության մթնոլորտ սերմանելու նատակով առանձնացվում են «սիրեցյալներ», ճնշվում և հետապնդվում է այլակրծությունը …

Եվ այս ամենը՝ համեմված անվերջանալի ինքնագովաբանական PR-ով, «աշխարհի լավագույն դպրոցների միջազգային փորձին» կեղծ գիտական և ամպագորգոռ հղումներով։ Իրականացված հարցումները, կարծիքների ուսումնասիրությունը և աուդիտները կոչված էին ցույց տալու իրական վիճակը և այս հետազոտության արդյունքներն ամեն անգամ հաստատում էին լուրջ խնդիրների առկայությունը։ Հենց այդ պատճառով ղեկավարության կողմից դրանք բաժանվում էին երկու խմբի. մի մասը՝ ենթարկված անխնա գրաքննության և այդպես «գեղեցկացված» տեսքով օգտագործվում է ինքնագովազդի համար, իսկ մյուս մասի վրա անմիջապես դրվում է «խիստ գաղտնի է» կնիքը։

Փակվածության և ամեն գնով խնդիրները կոծկելու քաղաքականությունը շատ արագ հանգեցրեց նրան, որ ակումբում ստեղծվեց օրհասական իրավիճակ։ Երբ ակումբի իրավիճակի լրջությունը գիտակցող որոշ անդամներ, ավելի ու ավելի բարձրաձայն էին պահանջում բաց և թափանցիկ աշխատելաոճ, «Այբ»-ի ղեկավարությունը ուներ միայն երկու ելք ․ ջանք չխնայելով՝ աշխատել սխալներն ուղղել կամ շարունակել ավելի կոպիտ ձևով խլացնել կառավարման և կրթության որակի, ծախսերի նպատակահարմարության մասին բարձրացվող հարցերը:

Ընտրվեց երկրորդ տարբերակը, և որոշվեց, որ անհարմար հարցերի հոսքը դադարեցնելու առավել «արդյունավետ» եղանակը ակումբի փլուզումն է: «Այբ» ակումբի լուծարման ևս մեկ լուրջ պատճառ կար, բացի տեղեկատվության թաքցնումից: 10 տարի շարունակ մարդկանց ժամանակի, ջանքերի և միջոցների ներդրման շնորհիվ (այն մարդկանց, որոնք օլիգարխ չեն, այլ իրենց սեփական քրտինքով են վաստակում իրենց գումարը), «Այբ» դպրոցն այսօր հասել է տարեկան շուրջ 2 միլիոն դոլարի շրջանառության:

«Այբ» ակումբը լուծարած մարդկանց համար չափազանց գրավիչ էր այն հեռանկարը, որ նրանք կարող էին անվերահսկելիորեն կառավարել հսկայական ակտիվները, մի քանի հեկտար հողատարածքը, ինչպես նաև մշակված ծրագրերը, որոնց վրա շատ մեծ գումարներ են ծախսվել, այդ թվում և պետական։

Ակումբը հանդիսանում էր «Այբ»-ի առաքելության իրականացման և հասարակության առջև պարտավորությունների կատարման կոլեկտիվ երաշխավորը։ Ակումբի լուծարումը սխալ է. – բարերարների հանդեպ, որոնք գումար են ներդրել՝ համոզված լինելով, որ ակումբի կողմից պատշաճ կվերահսկվի դրանց օգտագործումը, – ծնողների հանդեպ, որոնք իրենց երեխաներին բերել են «Այբ» դպրոց՝ հավատալով, որ այն յուրահատուկ է հենց նրանով, որ դրա հետևում կանգնած է ակումբը, հետևաբար կա հասարակական վերահսկողություն դաստիարակության և կրթական գործընթացների նկատմամբ, – ուսուցիչների հանդեպ, ովքեր եկել են «Այբ» աշխատելու՝ հավատալով դպրոցի առաքելությանը և վստահ լինելով, որ այստեղ գործատուի կողմից չարաշահում և կեղծիք չի կարող լինել։ – եվ, վերջապես, ակումբի բոլոր անդամների հանդեպ, ովքեր իրենց ժամանակը և գումարը ծախսել են մի բանի վրա, ինչը համարել են չափազանց կարևոր ամբողջ երկրի համար: «Ինքնալուծարման» վերաբերյալ քվեարկության դրված հարցի մեջ հատուկ ներառված էր մի դրույթ, ըստ որի ակումբի բոլոր ակտիվներն անցնում են Հիմնադրամի ղեկավարության անսահմանափակ վերահսկողության ներքո։ Ինչքան էլ փորձեն քողարկել այս փաստը, ակտիվներն այժմ վերահսկվում են Հիմնադրամի այն մի քանի հիմնադիրների կողմից, որոնց շահերից էլ բխում էր ակումբի լուծարումը:

Այնուամենայնիվ, օրենքի ոգու և տառի համաձայն՝ հասարակական կազմակերպության լուծարման դեպքում, լինի այն գրանցված իրավաբանական անձ, թե պետական գրանցում դեռևս չստացած այլ կառույց, դրա գույքը փոխանցվում է պետությանը: Որպեսզի վերականգնվի արդարությունը նախագծի բոլոր անդամների նկատմամբ և իրականացվի պատշաճ վերահսկողության հասարակության կողմից, մենք անհրաժեշտ ենք համարում «Այբ»-ի հիմնադրամի փոխանցումը պետությանը: «Այբ» ակումբի փլուզման պատմությունը դառը դաս է ոչ միայն մեզ՝ «Այբ» համայնքի անդամների համար:

Որևէ անձի պատասխանավություն/իրավունք փոխանցելիս/շնորհելիս, շատ կարևոր է, իրականացնել վերահսկողություն այդ անձի նկատմամբ, ով էլ որ նա լինի, և որքան էլ գրավիչ մտքեր չարտահայտի։ Այնուամենայնիվ, մենք այս ընթացքում շատ բանի ենք հասել, և մեր համատեղ աշխատանքը զուր չի եղել։ Կրթության ոլորտը հանրության ուշադրության կենտրոնում է, բավականին մեծ փորձ է ձեռք բերվել կրթական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման, կառավարման և հաշվետվողականության գործում: Ընդհանուր նպատակների իրագործման և լավագույն ապագա կառուցելու նպատակով փորձարկվել են մարդկանց միավորման, համայնքների ստեղծման, համատեղ որոշումների կայացման մեղանիզմներ։

Մենք տեսնում ենք թե՛ անհրաժեշտություն և թե՛ հնարավորություն հանրությանը վերադարձնելու լուսավոր գաղափարների և արժանավոր մարդկանց նկատմամբ հավատը։

Կապվեք մեզ հետ՝ [email protected]

Աշոտ Ասլանյան՝ «Այբ» ակումբի խորհրդի նախագահ (2008 -2011, 2011 – 2014 թթ), «Այբ» ակումբի և «Այբ» հիմնադրամի հիմնադիր, «Այբ» հիմնադրանի առաջին կազմի ՀԽ անդամ, «Միջուկ-դրամագլխի» դոնոր, «Այբ» ակումբի էթիկայի հանձնաժողովի նախագահ, «Ալբ» հիմնադրամի ֆինանսական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, «Արարատյան բակալավրիատի» նախագծային կոմիտեի անդամ, «Այբ» դպրոցի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի անդամ, «Այբ» դպրոցի շինարարության և շահագործման նախագծային կոմիտեի անդամ: Արեգ Զաքոյան`«Այբ» հիմնադրամի ՀԽ անդամ, (2015- 2017 թթ), «Ալբ» հիմնադրամի ֆինանսական վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

Արմեն Խեչոյան՝ «Այբ» ակումբի անդամ։ Արտաշես Շիրիկյան՝ «Այբ» ակումբի վարչության նախագահ (2014 – 2017 թթ), «Այբ» Հիմնադրամի ՀԽ անդամ (2013 – 2015թթ), «Այբ» դպրոցի ՀԽ անդամ (2014 – 2015թթ), «Այբ» տարրական դպրոցի ՀԽ անդամ (2013 – 2017թթ), «Այբ» դպրոցի շինարարության և շահագործման նախագծային կոմիտեի անդամ, «Այբ» դպրոցի շինարարության մրցութային կոմիտեի անդամ:

 Աշոտ Թումասյան`«Այբ » հիմնադրամի ՀԽ անդամ (2013-2015 թթ), «Միջուկ- դրամագլխի» դոնոր։ Նատալյա Ռիժկովա՝ «Այբ» դպրոցի ՀԽ անդամ (2015-2017թթ), «Այբ» տարրական դպրոցի ՀԽ անդամ (2013 – 2017թթ), «Այբ» դպրոցի շինարարության և շահագործման նախագծային կոմիտեի անդամ։ Սուրեն Հարությունյան՝ «Այբ» ակումբի խորհրդի վարչության անդամ (2018 թ.), «Այբ»-ի ռազմավարության մշակման կառավարման կոմիտեի լիդեր (2016 -2017թթ․)։ 1 հունիսի 2019 թ. Երևան /Լիմասոլ /Մինսկ/Մոսկվա»:
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ