Ժամանակավոր հանձնաժողով՝ Վերահսկիչի արձանագրած խախտումների համար
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի նիստում կքննարկի խորհրդարանի սեպտեմբերի 10-ից մեկնարկելիք աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող մի շարք նախագծերի վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու հարցը:
Դրանց թվում է ընդդիմադիր “Ժառանգություն” խմբակցության անդամների հեղինակած “Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին” որոշման նախագիծը:
ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում են հանձնաժողովը ստեղծել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի ուսումնասիրության, մասնավորապես` հանքարդյունաբերության, սեփականաշնորհման, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու, պետական գնումների գործընթացի ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թ.-ի տարեկան հաշվետվությամբ արձանագրված փաստերի ուսումնասիրման նպատակով ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար:
Հեղինակների հիմնավորմամբ, հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակներն ու խնդիրները քաղաքական փոքրամասնությանը խորհրդարանական վերահսկողությանը մասնակից դարձնելն է: Ըստ այդմ, առաջարկվում է հակակոռուպցիոն հանձնաժողովը ձևավորել ընդդիմադիր խմբակցությունների երկուական պատգամավորներից: Այն գործելու է 6 ամիս ժամկետով` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ ԱԺ-ին ներկայացնելով իր գործունեության վերաբերյալ եզրակացություն: Հանձնաժողովի գործունեության ժամկետը կարող է երկարացվել ԱԺ-ի որոշմամբ:
Հանձնաժողովի աշխատանքներին նախատեսվում է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք վերապահել հակակոռուպցիոն ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և պետական մարմինների ներկայացուցիչներին:
Նախագծում հանձնաժողովի խնդիրների թվում մասնավորապես նշված է, որ ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների բացահայտման դեպքում հանձնաժողովն առաջարկություններ կամ միջնորդություններ կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը և պատասխանատու այլ մարմիններին:
Հեղինակների հիմնավորման մեջ նշվում է նաև, որ հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում է պահելու շինարարության ոլորտում (շուրջ 250 մլն դրամ), գնումների գործընթացում, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման (շուրջ 400 մլն դրամ), գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքի և հողային պաշարների (շուրջ 800 մլն դրամի չգանձված գումար), սոցիալական ոլորտի (շուրջ 150 մլն դրամ), պետական սեփականության կառավարման (շուրջ 200 մլն դրամ), գյուղատնտեսության, արտադրության և սպառման վտանգավոր թափոնների, ընդերքի տրամադրման և օգտագործման (շուրջ 300 մլն դրամ), գիտության և կրթության (շուրջ 235 մլն դրամ), ինչպես նաև` հանրային ծառայությունների կարգավորման ոլորտներում ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային ստուգմամբ արձանագրված խախտումներն ու թերությունները: