Արտակարգ դեպք. Վճռաբեկ դատարանի մոտ ծեծել են դատական դեպարտամենտի պաշտոնյային
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ: Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ: Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ավագ հետաքննիչ Սևան Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Դեպքի վայրում են նաև դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով