22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չափազանց վտանգավոր են Արցախի իշխանության հասցեին մեղադրանք-սպառնալիքները. «Հանրապետություն» կուսակցություն

Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ:

 «Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաև այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում։ 

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել.

1. Ոչ ոք չի ժխտում, որ դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում կատարյալ չէ ու կա որոշակի անվստահություն թե՛ համակարգի, թե՛ անհատ դատավորների նկատմամբ, բայց դա ամենևին չի՛ նշանակում ոտնահարել Սահմանադրությունը, որով երաշխավորված է պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: 

2. Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ 

3. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում և ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

4. «Հանրապետություն» կուսակցությունը, առնվազն անընդունիլի համարելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, միառժամանակ գտնում է, որ կալանքից ազատ արձակումը բնավ չի նշանակում արդարացում: Հակառակը, նա չի կարող պնդել, որ քաղաքական հալածյալ է: Նմանօրինակ գործողություններով Ռոբերտ Քոչարյանին լիուլի հիմքեր են տրվում հայտարարելու, որ իր դեմ գործում է ոչ թե արդարադատությունը, այլ անձնական վրեժխնդրությունը: Չի՛ կարելի նրան նման հաղթաթուղթ տալ, այն էլ վարչապետի ձեռքով: 

5. Չափազանց վտանգավոր ենք համարում Արցախի իշխանության հասցեին դավաճանության ու դավադրության մեղադրանք-սպառնալիքները և կոչ ենք անում վարչապետին չտրվել հույզերին: Նրա ամեն խոսքին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև, ու հատկապես, Ադրբեջանում: 2020 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ Արցախում իրավիճակի սրումը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով արտաքին վտանգը: 

6. «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է մասնակցել իրավիճակը լիցքաթափելու ու բնականոն գործունեության վերադառնալու բոլոր անհրաժեշտ քայլերին»,-նշված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ