ՀՀԿ-ն ցուցահանդեսում
Նոյեմբերի 15-ին ՙՀայարտ՚ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացումը։
Այն կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ միջբուհական ցուցահանդես-մրցույթն իրականացվում է Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Նա հատկապես կարեւորեց, որ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը սկսել են զորամասեր այցելությամբ, քանի որ ամենամեծ թվով երիտասարդությունը հենց զինված ուժերում է։ Անդրադառնալով միջբուհական ցուցահանդես-մրցույթին՝ Կարեն Ավագյանը նշեց, որ այն նպատակ ունի խրախուսել ստեղծագործ ուսանողներին, նրանց կողքը կանգնել եւ հնարավորություն տալ շփվել արվեստասեր հանրության հետ։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ դիտելով ցուցադրված գործերը՝ բացահայտում է, թե ինչպես է մտածում այսօրվա երիտասարդը, հոգում անթեղված ինչ ապրումներ ունի։ Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսում տրվող մրցանակները կքաջալերեն երիտասարդներին իրենց հետագա ստեղծագործական կյանքում։
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունեց ցուցահանդեսի բացումը։ Նա կարեւորեց այլ բուհերի ուսանողների մասնակցությունն այս միջոցառմանը, քանի որ այսպիսով նրանք միմյանց հետ շփվելու հնարավորություն են ստանում։
Ցուցահանդեսում իրենց ստեղծագործություններն են ներկայացրել ավելի քան 80 երիտասարդ ստեղծագործողներ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։
Ներկայացված աշխատանքներից պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն գեղանկարը, քանդակը եւ գրաֆիկական աշխատանքը։ Մրցականակիրները կստանան դրամական պարգեւներ։ Ցուցահանդեսը արվեստասերների համար բաց կլինի նոյեմբերի 15-19-ը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն