Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը
Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը` մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» ՀԿ-ն։
«Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։
Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք գիտակցում, բայց դատական իշխանության վերացումն անխուսափելիորեն հանգեցնելու է աղետալի հետևանքների, որոնք թակելու են հենց ձեր դռները։ Մեր` վաղվա պետականության կորստի մեղավորը հենց դուք եք՝ այս ապօրինի ակցիաների մասնակիցներդ։
Դուք չեք լինելու դատողը, դուք լինելու եք դատվողը, քանի որ վարչապետը դրդում է ձեզ դառնալ հանցագործ և հանցակից։ Վաղը դատարանի աշխատանքը խոչընդոտող ցանկացած քաղաքացու արարք պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի արդյունքում սահմանադրական կարգի վերականգնումից հետո դատապարտվելու եք մինչև 5 տարի ազատազրկման։
Նիկոլ Փաշինյանի արարքը սահմանադրական կարգի տապալում է, որի համար նրան սպասում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։
Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ, խորացնել հասարակական ատելությունը և պառակտել` պատերազմական վտանգի առջև կանգնած հանրությանը։ Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը։
Ադեկվադներ, մենք կանք։ Ու մենք չենք հանձնվելու։
Հետևեք մեր էջին և պատրաստ եղեք միանալ»- նշվում է հայտարարության մեջ։