Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում լոկ Արցախի ճանաչման հանգամանքով. Արթուր Ղազինյան
Մեր հայրենիքում տեղի են ունեցել եւ շարունակում են ընթանալ այնպխիսի իրադարձություններ, որոննք ի զօրու են փոխել մեր պետության ընթացքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 18–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Ղազինյանը ներկայացնելով կուսակցության առաքելությունն ու տեսլականը։
Նրա խոսքով անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքը կառուցված է եղել ընդդեմ գաղափարախոսության:
«Մեզ չի հաջողվել մշակել քաղաքական մշակույթ, որտեղ կլինի գաղափարներ եւ մրցակցություն, որտեղ կլինի գիտակցություն եւ այդ քաղաքական մշակույթն իր մեջ կկրի եւ կարմատավորի ՀՀ–ի պետական եւ ազգային շահը»,– ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով ՀՀ–ի ներքին քաղաքական կյանքում, քաղաքական իշխանությանը հասնելու հիմնական նպատակը դառնում էր ինքնանպատակ։
«Քաղաքական կապիտալն առավելապես ձեւավորվում էր ոչ թե ապագայի, ոչ թե անելիքների, ծրագրերի, տեսակարգերի, առկա խնդիրների լուծումների մեխանիզմների այլ առավելապես նախկին իշխանություններին հմուտ, արհեստավարժ քննադատելու արդյունքում»,– ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով քաղաքականության մեջ փորձել են ձեւավորել մի իրողություն, որտեղ քաղաքականությամբ կզբաղվեն իրենց ոլորտներում հաջողված մարդիկ։
«Կլինեն իրենց ոլորտներում ճանաչված մարդիկ, հանրույթում ընկալված եւ հարգված մարդիկ, որոնք ունեն մեծ ինտելեկտուալ պոտենցիալ, ունեն փորձագիտական եւ ակադեմիական լուրջ բազա եւ կարող են իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել ՀՀ–ի ապագայի տեսլականի ձեւավորման համար»,– ասաց Ղազինյանը։
Խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին Ղազինյանը նշեց, որ կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդին, միջազգային իրավունքով իրեն տրված ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ անվտանգության երաշխավորումը։
«Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում լոկ Արցախի ճանաչման հանգամանքով, քանի որ ներկայիս միջազգային հարաբերությունների տուրբուլենտային վիճակը եւ կարծես թե կանոնների լղոզվելու հանգամանքը մեզ չի ապահովում երաշխիք, որ ճանաչելուց հետո մենք չենք բախվի նոր հնարավոր պատերազմերի հետ»,– ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, Ղազինյանն ասաց. «Մադրիդյան սկզբունքները, որոնք դրված են բանակցությունների սեղանին, այն տեսքով եւ այն խմբագրմամբ որ նրանք առկա են հիմա, մեզ համար անընդունելի են»։
Նրա խոսքով Մադրիդյան սկզբունքները հնացած են եւ պետք է լրացումներ արվեն։
«Պետք է պարտադիր բաղադրիչ ունենա նաեւ հետկոնֆլիկտային իրավիճակի նկարագրությունը, որին համաձայնություն կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ մեր բարեկամ Իրանը, ապա նաեւ Եվրոպական միությունը, Չինաստանն ու ԱՄՆ–ն»,– եզրափակեց Ղազինյանը։