Կոչ եմ անում քրգործ հարուցել եւ միջոցներ ձեռնարկել, որ այդ հավաքը տեղի չունենա. Ալումյանը՝ Հայկ Սարգսյանի գրառման մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կոչ է անում պատկան մարմիններին թույլ չտալ, որ այսօր դատարանի դիմաց նախանշված հավաքը չկայանա: Այս մասին Ալումյանը նշեց այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա մեջբերեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի Facebook-ի էջում տարածված գրառումը, որտեղ ասվում է. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:
Հայկ Ալումյանը նշեց, որ սա նախեւառաջ, կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը. «Երկրորդ՝ անգամ ՀՔԾ-ն Քոչարյանին չի վերագրում 10 մարդկանց, անգամ մեկ մարդու կյանքը խլելը: Պարոն Սարգսյանը լինելով իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր, նման կոչերով ու հայտարարություններով է հանդես գալիս: Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում: Սրանից հետո մեզ պետք է ասեն, որ Հայաստանում այլեւս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ: Այդ թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումները ահագնացել են վերջին մեկ տարվա մեջ:
Հայկ Սարգսյանը նաեւ նշում է. « Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել»: Այսինքն ինքն արդեն վերեւում նախանշել է, թե արդար որոշումը որն է դատավորի համար՝ պարոն Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ: Սա ուղղակի կոչ է տապալել սահմանադրական կարգը, զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատավորի նկատմամբ»:
Հայկ Ալումյանը հանդես եկավ կոչով.
«Ես կոչ եմ անում ՀՀ նախագահին՝ մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը: Իսկ այն, ինչ Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, եւ որը տարածվում է իրենց կողմնակիցների էջում, սա ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ: Այսինքն հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որ դատավորը պարոն Քոչարյանին շարունակի պահել կալանքի տակ:
Երկրորդ, ես դիմում եմ իրավապահ համակարգին՝ հարգելի պարոն դատախազ, ես ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին եւ քրգործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ, փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով:
Ես կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին եւ Հայաստանի ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս հավաքը տեղի չունենա, որովհետեւ այս հավաքի նպատակը խաղաղ չէ: Այս հավաքի նպատակ է հայտարարվել դատավորի նկատմամբ ճնշումը, ինչը իրավունք չունի տեղի ունենալու:
Ես ոչ թե կոչ եմ անում այնտեղ ապահովել էնտեղ որեւէ մեկի անվտանգությունը, հասարակական կարգը, այս դեպքում՝ ես կոչ եմ անում անել ամեն ինչ, որ այս հավաքը տեղի չունենա:
Ես կոչ եմ անում ՀՀ վարչապետին՝ մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որեւէ նման հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի ձեր հավանությունը: Հարգելի պարոն վարչապետ, ես ձեզ կոչ եմ անում թույլ չտալ, թեկուզ վերջին պահին կանխել այս զարգացումները: Թույլ չտալ, որ ձեր կողմնակիցները, փաստորեն նաեւ ձեր անունից՝, առնվազն ձեր թույլտվությամբ կատարել այն, իօնչ Հայկ Սարգսյանը նշել է իր կոչում:
Ես կոչ եմ անում ԲԴԽ-ին եւ նրա նախագահ Գագիկ Հարությունյանին՝ հարգելի պարոն Հարությունյան, գոնե մեկ անգամ կատարեք ի վերջո այն պարտականությունը, որը դրված է ԲԴԽ-ի վրա: Բացի այն, որ դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության զանազան պատրվակներով, պատճառներով եւ հիմքերով, առաջին անգամ սատար կանգնեք դատական համակարգի անկախությանը: Արեք ձեզնից կախված ամեն ինչ, որ այս դրսեւորումը կյանքի չկոչվի, որ այս հայտարարւթյամբ հանդես եկող անձը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության եւ որ այսպիսի ոտնձգությունները այլեւս երբեւիցե Հայաստանում տեղի չունենան:
Ես կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին՝ բարձրացրեք ձեր ձայնը հոգուտ դատական համակարգի անկախության՝ անկախ ձեր հայացքներից, տեսակետներից:
Դատական համակարգի նկատմամբ ամբոխի կողմից ճնշում գործդրելու դրսեւորում պետք է չլինի՝ անկախ որեւէ նկատառումներից:
Ես կոչ եմ անում բոլոր միջազգային առաքելություններին, որոնք ՀՀ-ում աշխատում են, շատ ուշադիր հետեւեք այս զարգացումներինՁեր իրավասության շրջանակներում արեք ամեն ինչ, որպեսզի ՀՀ իշխանություններին հասցնեք այսպիսի դրսեւորումների անթույլատրելիությունը»: