28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության խաղաքարտերը խառնվել են. ինչու բենզինն ու գազը միանգամից թանկացան. 168 Ժամ

Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։

Ինչպես հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն 270 դրամի կարգի։

Սակայն այդպես չեղավ։ Ոլորտում գործող տնտեսվարողների զգալի մասի մոտ գներն այժմ շատ ավելի բարձր են։ Դրանք ոչ թե 270 դրամի սահմաններում են, ինչպես հավաստիացնում էր կառավարությունը, այլ 310 դրամի։

Հիշեցնենք, որ մինչև կիլոգրամին անցնելը շարժիչային գազի խորանարդ մետի գինը տատանվում էր հիմնականում 190-200 դրամի սահմաններում։

Թե ինչո՞ւ խորանարդից կիլոգրամի անցնելու ժամանակ չարդարացան կառավարության հաշվարկները, այլ խնդիր է։ Մի բան փաստ է, որ գազալցակայանների զգալի մասում ավտոմեքենաների գազի վաճառքի գինն այսօր գրեթե 40 դրամով ավելի բարձր էր, քան ժամանակին խոստանում էր կառավարությունը։

Սա բավական մեծ շեղում է, ինչը փորձ է արվում բացատրել նախկինում շուկայում հաստատված չհիմնավորված գներով։ Պատճառաբանվում է, որ մինչև վերջին փոփոխությունը եղել է գազը ավելի ցածր գին, քան իրականում պիտի լիներ։ Այդ ճանապարհով ոլորտում գործող ընկերությունները խաբել են սպառողներին և ցածր գնի հաշվին` թերլիցքավորում արել։ «Հիմա այդ երևույթը վերացել է, և այլևս նման հնարավորություն չկա»,- հավաստիացնում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը։

Կա՞, թե՞ չկա, ժամանակը ցույց կտա։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, ապա հարց է առաջանում, իսկ ի՞նչ էր անում կառավարությունն իշխանափոխությանը հաջորդած մեկ տարում, որպեսզի թույլ չտար գազի վաճառքով զբաղվողներին` խաբել և մոլորեցնել սպառողներին։ Այս հարցին պատկան կառույցները հավանաբար դեռ պատասխանելու առիթ կունենան։

Ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ հետո, Հայաստանում գործել ու գործում են կառույցներ, որոնք պատասխանատու են շուկայում չհիմնավորված գների առկայության համար։ Զարմանալի է, որ հիմա, երբ այդ փաստը կարելի է օգտագործել սեփական սխալներն արդարացնելու համար, կառավարությունում հանկարծ հիշել են դրա մասին։ Ու փորձում են ամեն կերպ արդարացնել, որ գազի 310 դրամը հիմնավորված գին է, և խորանարդից կիլոգրամի անցնելը ճիշտ որոշում է եղել։

Իհարկե, դժվար է միանշանակ ընդունել կառավարության այս մոտեցումը։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել մյուս ծայրահեղությունը։ Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարը հավաստիացնում է, որ ուսումնասիրել են դաշտը վերջին փոփոխություններից հետո. գազի գինը Հայաստանում տատանվում է 255-310 դրամի սահմաններում: Ինչո՞ւ է կառավարությունը պնդում, որ ճիշտը 310 դրամն է։ Իսկ գուցե պիտի լինի 255 դրամ։

Շուկայում 255 դրամ գինը ոմանց հիմք տվեց հեռուն գնացող հետևություններ անել։ «Այն տնտեսվարողը, որն այժմ գազը 310 դրամ է վաճառում, նախկինում է խաբել, եթե 255 դրամով է վաճառվում, դեմպինգ է անում»,- սա Պետեկամուտների կոմիտեի նախագահի դիտարկումն է։

Դժվար է ասել՝ այդպես մտածելու համար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Սովորաբար շուկայի որոշ մասնակիցների մոտ ցածր գները միանգամից դեմպինգային երևույթների տպավորություններ են ստեղծում։ Իսկ եթե իրականում ցա՞ծր գներն են տեղավորվում շուկայական գնագոյացման շրջանակներում, և ոչ թե՝ կառավարության հաշվարկածը կամ բազմաթիվ գազալցակայաններում հաստատված 310 դրա՞մը։ Այս հարցի պատասխանն առայժմ չկա։ Ու շատ զարմանալի է, որ կառավարությունը հակված է երկրորդ տարբերակին։

Թեև որևէ հիմք չկա պնդելու, որ բոլոր գազալցակայաններում գները պետք է նույնը լինեն և չի կարող մի տեղ ավելի բարձր լինել, մեկ այլ տեղ՝ ավելի ցածր։ Շուկայական գնագոյացման պայմաններում գները ոչ թե թելադրվում են վերևից, այլ շուկան է կարգավորում։ Հատկապես որ, ինչպես կառավարությունն է փորձում համոզել, Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։

Այնպես որ, շուկայական գնագոյացման պայմաններում միանգամայն նորմալ է, որ գները տարբեր պիտի լինեն։ Դրանք կախված են բազմաթիվ գործոններից` սկսած իրացման ծավալներից՝ վերջացրած ծախսերի արդյունավետությամբ։ Եթե մի տեղ, ասենք` իրացման ծավալները մեծ են, բնականաբար, ավելի ցածր գներ սահմաններում լրացուցիչ հնարավորություններ են առաջանում։

Սրանում ոչ միայն արտառոց բան չկա, այլև նույնիսկ ողջունելի է։ Զարմանալին այն է, որ կառավարությունն ի սկզբանե հակված չէ ընդունել ցածր գների հիմնավորված լինելու փաստը։ Ավելին, փորձում է դրանում քաղաքական ենթատեքստ փնտել։ Ընդ որում, ոչ միայն գազի, այլև բենզինի շուկայում։ Չնայած այստեղ խնդիրը բոլորովին այլ է։ Ինչքան էլ կառավարության անդամներն ու վարչապետն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, դրանից մրցակցային դաշտը չի բարելավվում։ Պատահական չէ, որ ապամենաշնորհված շուկաներում ապրանքները չեն էժանանում։

Այն, որ բենզինի գինը մի պահ նվազեց, որևէ հիմք չի տալիս ասելու, թե դա կառավարության շնորհքն էր, որին հաջողվել է արդար մրցակցություն սահմանել։ Ընդհակառակը` վերջին շրջանում այս շուկայում նկատվող գնաճը կարող է շատ ավելի խորքային երևույթների հետևանք լինել։ Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալում, երբ գները նվազում էին, տեղի էր ունենում շուկայի հերթական վերաբաշխումը։ Նման երևույթների նախկինում ականատես եղել ենք։

Հիշենք, թե մի քանի տարի առաջ ինչպիսի շռնդալից ձևով վառելանյութի շուկա մտավ հերթական խաղացողը` ի դեմս «Մաքս Պետրոլի»։ Դրանից հետո բենզինի գինը նվազեց 50 դրամով։ Բայց դա չփոխեց շուկայի մրցակցային իրավիճակը. կարճ ժամանակ անց գները վերստին սկսեցին բարձրանալ։

Նույնը կարծես տեղի է ունենում հիմա. մի պահ գները բավական կտրուկ նվազեցին, իսկ այժմ սկսել է վերելքը։ Եթե հաշվի առնենք, որ խոսվում է շուկայում նոր խաղացողների հայտնվելու մասին, ապա թվում է՝ ամեն ինչ շատ ավելի հասկանալի կլինի։

Ի դեպ, բենզինի թանկացման հետ կապված՝ կան մեկ այլ` ոչ պակաս վտանգավոր կասկածներ։ Խոսքը կարտելային համաձայնությունների հավանականության մասին է։

Նման կասկածների համար հիմք է տվել այն, որ, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, գները միանգամից են փոխվում։ Իսկ թե ո՞ւր մնաց մենաշնորհների վերացումն ու մրցակցությունը, հավանաբար պետք է հարցնել կառավարությանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ