16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երեւանի քաղաքապետն ու ԿԳ նախարարը խորհրդակցություն են հրավիրել

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ օգոստոսյան խորհրդակցությունը առիթ է ամփոփելու կրթության ոլորտում արձանագրած արդյունքներն ու քննարկելու նոր ուսումնական տարվա անելիքները.

“Անցած ուսումնական տարվա ընթացքում կատարված բավականին մեծ աշխատանքի արդյունքում մենք արձանագրել ենք զգալի ձեռքբերումներ, սակայն անելիքները ևս դեռ շատ են, ուստի պահանջվում է համատեղ օր ու գիշեր աշխատանք:  Ձեռք բերված հաջողությունները արդյունք են նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ արդյունավետ աշխատանքի: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը լինելու է շարունակական և մենք կարողանալու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրներին համատեղ լուծում տալ: Ձեզ վստահված աշխատանքը մեծ  պատասխանատվություն է պահանջում ապագա սերնդի հայեցի դաստիարակաման ու պետության արժանի քաղաքացի կրթելու գործում: Վստահ եմ նաև, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կունենանք կիրթ և գրագետ սերունդ”,-շեշտել է Երևանի քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ներկայացրել է 2011-2012թթ.-ի ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը` ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա որոշ խնդիրներ:

Որպես անցած ուսումնական տարվա կարևորագույն  ծրագրեր առանձնացվել են միջազգային կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը, մայրաքաղաքի դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը, ուսուցիչների ատեստավորումը, ինչպես նաև մի շարք բարեփոխումներ: Հանրակրթության վարչության պետի զեկույցի համաձայն, քաղաքապետի հանձնարարությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1028  աշակերտի համար ներառական կրթություն է իրականացվել  մայրաքաղաքի 33 դպրոցում, որտեղ  նրանց համար ապահովվել են համապատասխան պայմաններ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով։

Անդրադառնալով աշակերտների գիտելիքների գնահատման նպատակով կազմակերպվող առարկայական օլիմպիադաներին, նշվել է, որ օլիմպիադաներում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝  1-ից 4-րդ դասանների 6920 աշակերտներ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ստացել են պայուսակներ, գրենական  պիտույքներ։

Բարեկարգման, ծառապատման և կանաչապատման նպատակով չափագրվել են կրթական հաստատությունների մերձակա տարածքները: 39 դպրոցների և 53 մանկապարտեզների հատկացվել են խոտհնձիչներ։

Որպես դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակության ապահովում կարևորվել է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի  58475 աշակերտների այցը Երևանի թվով 9–ը  թատրոն, 14 թանգարան,  ֆիլհարմոնիա, Ալ. Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական  թատրոն, Ա.Խաչատրյանի  անվան մեծ համերգասրահ և Մատենադարան։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարձր գնահատելով քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը ընդգծել է, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է. <<Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ Երևան քաղաքում ԿԳ նախարարությունը ունի վստահելի և հուսալի գործընկեր:

Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին` ի դեմս քաղաքապետի, այն հանգամանքի համար, որ մայրաքաղաքը լինելով Հայաստանի գիտակրթական, ինտելեկտուալ կենտրոնը, այսօր ստանում է ավելի լավ միջավայր, ավելի լուսավոր փողոցներ, կանաչապատ ավելի շատ տարածքներ, ինչն իր հերթին ապահովում է ավելի լավ կրթական միջավայր ու ավելի հաճելի առօրյա: Իհարկե սա չի կարող չազդել Երևանում տեղակայված ուսումնական ու գիտական հաստատությունների գործունեության ու աշխատակիցների տրամադրության և վերաբերմունքի վրա “,- նշել է նախարարը:

Պատասխանելով մասնակիցների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները ջեռուցման անհատական համակարգերով ապահովելու ծրագիրը.

<<Մինչև դեկտեմբերի 1-ը մենք կավարտենք քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել և կրթություն ստանալ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Խորհրդակցությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելել են Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցներ:

 

Երկու կրթօջախներում էլ այսօր լայն թափով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ  Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը` կրթօջախի հավատարիմ շրջանավարտի հովանավորությամբ: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցների հարկաբաժիններում, զրուցել շինարարների հետ, ծանոթացել կատարված ու իրականացվող աշխատանքների ընթացքին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ